«Հայաստանում, ցավոք, տեսանելի է Ռուսաստանի շուրջ տեղեկատվական ֆոնի վատթարացման հստակ միտում»,-Երևանում անցկացված հայ-ռուսական մեդիաֆորումի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Անդրեյ Նաստասինը (լուսանկարում)։
Ըստ նրա՝ ավելի շատ մենք տեսնում ենք քննադատական անդրադարձեր՝ ուղղված հայ-ռուսական հարաբերություններին, որոնք իրականությանը չեն համապատասխանում, քան փաստերի վրա հիմնված հրապարակումներ։
Նրա կարծիքով՝ այս իրավիճակը շտկելու հարցում հեղինակավոր ԶԼՄ-ները կարող են հստակ դեր խաղալ․ «Հասել ենք մի իրավիճակի, երբ այսօր արդեն հայ ժողովրդի բոլոր դժվարություններում մեղադրում են Ռուսաստանին՝ մոռանալով պատմությունը։ Հասկանալի է, թե ինչու է դա արվում, որովհետև երկիր են ներթափանցել արտաքին կազմակերպությունների փորձագետներ, որոնք ֆինանսավորվում են այս գործը կատարելու համար և որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ, այլ աշխատում են ՀՀ-ՌԴ հարաբերությունների դեմ։ Երբ այս ուժերին պետք չլինի այլևս ՀՀ-ի հարթակը ՌԴ-ի դեմ օգտագործման համար, նրանք կմոռանան՝ որտեղ է ձեր երկիրը գտնվում։ Սա պետք է հասկանալ և տեսնել, թե բարեկամներն ովքեր են և չընկնել ձեզ օգտագործել ցանկացողների թակարդը»։
Խոսելով բլոգեր Միկա Բադալյանի ու Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գեւորգյանի ձերբակալության մասին՝ Անդրեյ Նաստասինն ասաց․ «Հույս ունեմ, որ ճշմարտությունը կհաղթի։ Նաև հույս ունեմ, որ այդ անձանց չեն ձերբակալել իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու համար։ Հակառակ դեպքում շատ տարօրինակ է, որ լրագրողներին թույլ չեն տալիս իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ