ՔՊ կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Ավան վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ համայնքի բնակիչներին ներկայացնելով իրենց ծրագրերը՝ ասաց․ «Մեզ շատ են ասում՝ սահմանային լարվածություն է, դուք մանկապարտեզ եք կառուցում, ո՞ւմ համար եք անում։ Ասեմ՝ մեր երեխաների, ձեր թոռների համար ենք անում, որովհետեւ վաղն իրենք այս երկրում պետք է ապրեն եւ լինեն այս երկրի տերը։ Ու իրենք պետք է լավագույն միջավայրում մեծանան»։
Ավանի բնակիչները Ավինյանին բողոքեցին, որ շատ բարձր են գոռում։ «Դե շատ բարձր եք գոռում էլի, ցածր խոսեք, ընտրողը կընտրի»,- ասաց բնակիչներից մեկը։ «Ամեն դեպքում հիմա ընտրարշավի ժամանակն է, մի քիչ պետք է ներողամիտ լինեք, պիտի իրազեկենք մարդկանց, որովհետեւ որ բոլորն են իմանում, որ մենք այստեղ ենք»,- արձագանքեց Ավինյանը։
Տիգրան Ավինյանը Ավանի բնակիչներին եւս տարբեր խոստումներ տվեց ու ներկայացրեց իրենց ծրագրերը։ «Մենք ունենք էն մանուշակագույն ավտոբուսները, որոնք 15 տարեկան են, դուրս գրելու ժամանակն անցել է։ Այդ 120 Higer-ների փոխարեն ներմուծելու ենք 250 էլեկտրոավտոբուս։ Այսօր արդեն իսկ առաջին փորձնական էլեկտրոավտոբուսն ենք երել Երեւան քաղաք եւ վաղվանից փորձարկելու ենք։ Եվ ուզում եմ իմանաք, որ այս ծրագրերը արվել են ձեր պահանջով ու հանձնարարականով։ 2017 թվականին, երբ մենք ասում էինք, որ մահվան վերելակներից ու հուսահատության գազելներից ելք կա, մենք այս ծրագրից չենք շեղվել։ Մենք ամբողջապես փոխել ենք տրանսպորտի ցանցը եւ շարունակում ենք փոխել, մենք փոխել ենք 1600 վերելակներ եւ շարունակում ենք փոխել։ Մնացել է ընդամենը 2600-ը, դրանք էլ ենք փոխելու»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ