Շինարար, ակտիվիստ Արթուր Չախոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել է տեսանյութ, ըստ որի՝ սեպտեմբերի 7-ին Նոր Նորք վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի անցկացրած հանրահավաքին մասնակցել են պետական հաստատությունների մեծ թվով աշխատակիցներ։
«Երեկ Տիգրան Ավինյանը բոլորին հրավիրել էի Գայի արձանի մոտ, ես գնացի, տեսա, որ 90-95 տոկոսը տարեց մարդիկ էին ու տարբեր պետական կառույցների աշխատողներ։ Մոտեցել եմ մարդկանց, հարցրել եմ՝ որտե՞ղ են աշխատում, քանի հոգի են եկել, այդ ամենը ֆիքսված է տեսահոլովակում։ 743 -778 հոգի վարչական ռեսուրսի չարաշահման դեպք հասցրեցի արձանագրել, բայց շատ ավելին էին, թվով մոտ 2500-ը: Վերջում էլ ցուցագրմանը խոչընդոտեցին ՔՊ ներկայացուցիչները, որոնք հետեւիցս քայլում ու մարդկանց ասում էին, որ չասեն, թե որտեղից են եւ քանի հոգով են եկել»,- նշել է Արթուր Չախոյանը։
Մասնավորապես, նրա հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ թիվ 108 մանկապարտեզից Ավինյանի հանրահավաքին մասնակցել է 35, 106 մանկապարտեզից՝ 12, 116 մանկապարտեզից՝ 27, 163 դպրոցից՝ 35-40, 112 մանկապարտեզից՝ 30, 117 մանկապարտեզից՝ 25, 111 մանկապարտեզից՝ 20, 102 մանկապարտեզից՝ 26, 135 դպրոցից՝ 40-50 անձ։
Տեսնելով, որ մասնակցության վերաբերյալ տվյալներ են ճշտվում, դպրոցների ու մանկապարտեզների ներկայացուցիչներն իրենք են մոտեցել Չախոյանին՝ ներկայացնելով, թե քանի հոգով են մասնակցում հանրահավաքին։ Մասնավորապես, 135 դպրոցի ներկայացուցիչը մոտեցել ու ասել է՝ «Ամբողջ կոլեկտիվով եկել ենք»։ Թիվ 133 դպրոցի փոխտնօրենն էլ ասել է․ «Ես 133-ի փոխտնօրենն եմ, մենք տնօրենի հետ դիմացը կանգնած ենք, մասնակիցների քանակը՝ 25 հոգի»։
Կարդացեք նաև
Արթուր Չախոյանը նաեւ արձանագրել է, որ հանրահավաքի մասնակիցների թվում են եղել «Ջրաշխարհի» աշխատակիցները, ընկերության ներկայացուցիչն ասել է, որ մոտ 100 աշխատակից է ներկա։ Հանրահավաքին ներկա են եղել նաեւ գրադարանների, պոլիկլինիկաների, այլ հաստատությունների աշխատակիցներ։ Մասնավորապես, արձանագրվել է, որ «Կանաչապատում» ՀՈԱԿ –ից հանրահավաքին մասնակցել են 30-40, գրադարանից՝ ️25, մշակույթի կենտրոնից՝ 141, «Տորք Անգեղ» սպորտ դպրոցից՝ 25 աշխատակիցներ եւ այլն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ