Լրահոս
Օրվա լրահոսը

Անվերահսկելի շինհրապարակները

Սեպտեմբեր 08,2023 18:20

Երեւանը քամոտ օրերին կորում է փոշու մշուշի տակ։ Մասնագետները պարբերաբար հրապարակում են Երեւանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ եզրակացություններ, ըստ որոնց՝ փոշու պարունակությունը գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիան։ Մասնագետները նաեւ նշում են, որ մայրաքաղաքի օդի աղտոտվածության պատճառը համատարած շինարարությունն է, հանքարդյունաբերությունն ու աղբավայրերի բաց այրումը։

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին էլ քաղաքացիները քաղաքապետի թեկնածուներին հանդիպելիս հաճախ օդի աղտոտվածության ու փոշու խնդիրն են արծարծում։

Երեւանի փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավի ընթացքում ընտրողներին խոստանում է վերահսկել շինհրապարակները, որոնք պատճառ են օդի աղտոտվածության։

«Ավագանու որոշում ենք ընդունել, որով սահմանել ենք, որ յուրաքանչյուր կառուցապատող շինհրապարակը կահավորելիս պարտադիր հատուկ սարք է տեղադրելու, որը քաղաքապետարանին տալու է ինֆորմացիա փոշու հետ կապված։ Եվ մենք սեպտեմբերի 1-ից պարտադրելու ենք կառուցապատողներին հատուկ փոշեորսիչ ցանցեր դնել, սեպտեմբերի 1-ից դուք դա տեսնելու եք արդեն։ Մենք էլ կգնանք ու կտուգանենք բոլոր նրանց, ովքեր չեն հետեւել»,-քարոզարշավի այս օրերին ամեն առիթով հայտարարում է Ավինյանը։

Չնայած այս հայտարարություններին ու խոստումներին, քաղաքում տարբեր փողոցներում շինարարություն է իրականացվում, մի տեղ ստորգետնյա խողովակաշարեր են փոխում, մի տեղ բենզալցակայան քանդում ու ասֆալտ գցում, ու այդ շինհրապարակներում շինանյութը, ավազի կույտերը չեն ծածկվում։ Ու հենց անգամ թեթեւ քամի է բարձրանում՝ ավազը լցվում է բնակարաններ, եւ առանց չափազանցնելու՝ տարածքով անցնող քաղաքացիների բերաններն ու աչքերը։

Գլխավոր լուսանկարում Սեբաստիա փողոցում տեղակայված շինանյութի վաճառքի բացօթյա կետն է։ Ավազն առանց ծածկի է։ Այս առևտրի կետի անմիջապես հարեւանությամբ բնակելի տներն ու շենքեր են։ Շինանյութի առեւտրի կետից ամեն օր շինաղբն ու շինանյութից առաջացող փոշին լցվում է մարդկանց բնակարաններ։


Գյուլբենկյան-Արամ Խաչատրյան
խաչմերուկում վերջերս քաղաքապետարանն ապամոնտաժեց բենզալցակայանը, որից հետո տարածքը բարեկարգել էր պետք։ Շինանյութի՝ շեբենի, ավազի կույտերը մի քանի օր առանց ծածկի էին: Պարզ է, չէ՞, թե քամու ժամանակ այս տարածքում ինչ է կատարվել։


Հասրաթյան եւ Արամ Խաչատրյան
փողոցներում ջրագծեր էին փոխվում, ու նույն վիճակն էր, ավազն ու շեբենը մի քանի օր առանց ծածկի էին, ու թարսի պես այդ օրերին ուժեղ քամի էր, շինանյութի փոշին տարածվում էր մթնոլորտում։


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930