Լրահոս
Օրվա լրահոսը

«Անօրինականությունների պատասխանատուն մեր թողտվությունն է». Նելլի Հարությունյան

Սեպտեմբեր 08,2023 18:12

«Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանն է, որը եղել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետը, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետը։ Մինչ օրս «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի իրավախորհրդատուն է։

Aravot.am-ը Նելլի Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու որոշեց հանդես գալ «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակով: «Ես երբեւէ չեմ մտածել քաղաքականության մեջ մտնելու մասին, որովհետեւ բարձրակարգ իրավաբան եմ, գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ, ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների գծով միջազգային փորձագետ: Երկու անգամ եղել եմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածու, մշտապես զարգացրել եմ իմ տեսական գիտելիքները, կուտակել փորձ, նաեւ դասավանդել եմ: Այդուհանդերձ, երբ առաջարկ ստացա «Ուժը հայրենյաց» կուսակցությունից՝ մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, երկար մտածելուց հետո բարդ որոշում կայացրի»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավաստիացնելով, որ կփորձի իր գիտելիքները եւ փորձը ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետության եւ մայրաքաղաքի:

Հարցրինք, թե իր տպավորությամբ Երեւանի համար հատկապես որ խնդիրներն են կարեւոր ու կարոտ հրատապ լուծման: Տիկին Հարությունյանն ասաց, որ Երեւանն ունի ինչպես միայն իրեն հատուկ խնդիրներ, այնպես էլ այնպիսիք, որոնք ծառացած են ամբողջ հանրապետության առաջ՝ անվտանգային, պատմամշակութային տեսքը պահպանելու, կենտրոնացման, կանաչապատման, խելամիտ կառավարման, միջոցների ճիշտ օգտագործման, վարչական շրջանների համաչափ զարգացման:

«Ուժը հայրենյաց» կուսակցության մշակած ծրագրում առանձնացրել ենք այն հիմնական ստրատեգիական թիրախները, որոնց իրականացման կարճաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերից հետո Երեւանը կունենա առողջ քաղաքային միջավայր, բարորակ քաղաքային կյանք: Ըստ մեր ծրագրերի՝ Երեւանը պատկերացնում ենք հարմարավետ քաղաք, կանաչ եւ մաքուր, գործարար, ստեղծարար, մշակութային, անվտանգ, կառավարելի, սոցիալապես կայուն, դիմակայուն: Այս տեսլականները իրար հետ խիստ կապակցված են: Կենցաղային խնդիրներից բացի, որոնց մասին բարձրաձայնում են բնակիչները հանդիպումների կամ մեր գրասենյակ այցելելու ժամանակ, նրանք նաեւ խնդիր ունեն մասնակցային, մարդակենտրոն կառավարման, ինչը մեր ծրագրում արդեն իսկ հաշվի է առնված: «Ուժը հայրենյաց» կուսակցությունը գտնում է, որ պետք է խթանվի քննարկումների, լսումների, հանրաքվեների ինստիտուտը, բնակիչները պետք է համագործակցեն քաղաքապետարանի հետ, որպեսզի հնարավորինս մասնակցեն որոշումների կայացմանը, նաեւ կրեն իրենց բաժին պատասխանատվությունը»,- հայտնեց «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակի 1-ին համարը:

Ինչ վերաբերվում է քաղաքականության մեջ կանանց դերակատարությանը, այս մասին էլ Նելլի Հարությունյանը նշեց. «Կանայք հասարակության մեջ ունեն առանձնահատուկ դեր, Աստված կնոջն է տվել մարդ ստեղծելու իրավունքը՝ ինչ-որ առումով հավասարեցնելով իրեն: Ինքնապահպանության բնազդի, հոգատարության շնորհիվ, նաեւ ավելի քիչ կոռումպացված լինելով եւ ունենալով բարոյական զսպանակներ՝ կանայք ավելի արդյունավետ կարող են իրականացնել ցանկացած ոլորտում կառավարումը: Կանայք կարողանում են լսել խորհուրդներ, թիմային աշխատանքում ավելի համերաշխ են: Իհարկե, սա որեւէ կերպ չի արժեզրկում գործնական, մասնագիտական հատկանիշները, եւ ընտրողը պետք է առաջնորդվի նախ եւ առաջ թեկնածուների հայրենասիրությամբ, պետական մտածողությամբ, հայրենիքին ծառայելու պատրաստակամությամբ, նրանց՝ հանրային, պետական շահը սպասարկելու որակներով»:

Հարցրինք՝ հաջողվո՞ւմ է ուղերձները հասցնել ընտրողներին: Նելլի Հարությունյանն ասաց, որ ընտրողները պասիվ են, որովհետեւ կա երկար ժամանակ ձեւավորված անվստահություն եւ խաթարված հավատ՝ ընտրական գործընթացների նկատմամբ: Նրա խոսքով. «Մարդիկ չեն կարող պատկերացնել, որ ընտրություններով հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի, այն պարագայում, երբ ընտրությունները լավագույն միջոցն են՝ հասնելու երազանքներին, իրականացնելու կարեւորագույն ծրագրերը:

Մեզ հաջողվում է ընտրողներին ոչ միայն ներկայացնել ծրագրերը եւ ծանոթանալ նրանց խնդիրներին, այլեւ ոգեւորել, կոչ անել, որպեսզի անպայման կատարեն ընտրություն, մասնակցեն ընտրական գործընթացներին, ինչպես նաեւ հետեւեն, պաշտպանեն, իրական դարձնեն արդար ընտրությունների անցկացումը: Բացի պաշտոնատար անձանցից ու պետական մարմիններից, որոնք կոչված են ապահովելու ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացումը, յուրաքանչյուրս ենք արդար ընտրությունների երաշխավորը: Սա մեր քաղաքն է, եւ այդ հոգսերը, խեղաթյուրված կառավարումը կամ միջոցների ոչ ճիշտ օգտագործումը երբեմն նաեւ անօրինականությունների պատասխանատուն՝ մեր թողտվությունն է, մեր անտարբերությունը եւ մեր՝ ոչ համախմբվածությունը:

Մեր ծրագիրը հիմնականում կոչված է քաղաքապետարանի սոցիալական արդարության պաշտպանության դերակատարումները բարձրացնելուն բյուրոկրատական քաշքշուկներին վերջ դնելուն: Երևանի բնակիչները բողոքում են, որ տարիներով իրենց հարցերի պատասխանները չեն կարողանում ստանալ, եւ սա այն դեպքում, երբ անգամ հանգուցյալներին են ուղարկվում տուգանքների վերաբերյալ իրազեկումներ…Նման երեւույթներն արժեզրկում են պետական մարմինների գործունեությունը:

Խնդիրների մեջ մտնում է նաեւ անօթեւանների, բնակարանազուրկ անձանց ժամանակավոր կացարաններով ապահովելը, գործարարության, ձեռնարկատիրության խթանումը՝ նոր եւ հին տեխնոլոգիաների համադրմամբ: Գլոբալ խնդիր է շրջակա միջավայրի պահպանությունը: Հատկապես այսօրվա նախընտրական շինարարական բումի պայմաններում Երեւանը կորած է փոշու մեջ: Երեւի կարծում են, որ այդ փոշին բնակչին կխանգարի ճիշտ ընտրություն կատարել, բայց դա ամենեւին էլ այդպես չէ:

Բոլորը հասկանում են, որ դա ցուցադրական բնույթ ունի եւ տասնամյակներով իրականացված ծրագրերի իրականացման արդյունքում գրանցված հաջողություններն իրենց վերագրելը կամ շահարկելը առնվազն անկեղծ չէ ընտրողի նկատմամբ:

Ընդհանուր քարոզարշավը մի շարք խախտումներով է ընթանում, բացահայտ խախտումեր կան, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կարծիք են ձեւավորում ընտրությունների՝ ոչ բավարար չափով արդար ու թափանցիկ անցկացման ուղղությամբ: Թեկնածուները ոչ հավասար դիրքերում են հանդես գալիս, այն դեպքում, երբ պետության անմիջական պարտավորությունն է ապահովել հավասար պայմաններ՝ ընտրությանը մասնակցող բոլոր սուբյեկտների համար, անցկացնելու իրենց քարոզարշավը, ինչպես նաեւ հաղորդակցվելու ընտրողների հետ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930