Միասնությունն է հաղթանակի գրավականը
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, կարևորելով սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրությունները,
հավատարիմ մնալով իր որոշմանը՝ պաշտպանել և աջակցել ընդդիմադիր ուժերի միասնական թեկնածուին․
փաստելով, որ առ այսօր այդ գործընթացը չի ավարտվել,
Երևանի ապագա քաղաքապետին և իր հետ ընտրված ավագանու կազմին համարելով քաղաքական պատասխանատվության առանցքային դերակատարներ՝
դիմում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող այն ուժերին, որոնք իրենց հիմնանպատակը համարում են ՀՀ-ում համակարգային իշխանափոխությունը, հետևյալ հորդորով՝
Ա․ Վերջնական ձևակերպել և երևանցիներին հայտնել իրենց ներքին և արտաքին քաղաքական առաջնային դիրքորոշումները։
Բ․ Սահմանել Արցախի հանդեպ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության գնահատականը, շրջափակման հանդեպ վերաբերմունքը և Արցախի ինքնորոշման իրավունքի հետագա լիակատար իրականացման վերաբերյալ կամքը։
Կարդացեք նաև
Գ․ Հավատարմությունը ՀՀ Անկախության հռչակագրին և ՀՀ Սահմանադրությանը։
Դ․ Առաջարկել հստակ վերահսկողական մեխանիզմներ, որոնց միջոցով իրենց ընտրողները հետագայում հնարավորություն կունենան պահանջել և ստանալ հաշվետվություն այն ուժերից, որոնց ընտրել են։
Նշված դիրքորոշումների համընկնումը հիմք կծառայի համախմբվելու և միասնական թեկնածու հռչակելու համար։ Միաժամանակ, գտնում ենք, որ քաղաքական միասնություն անհրաժեշտ է ապահովել և՛ նախընտրական, և՛ հետընտրական շրջանում։
Միայն այս պարագայում ընտրողը վստահությամբ կքվեարկի իրական ընդդիմության օգտին։ «Միասին» շարժման անդամները և համակիրները նույն կերպ կվարվեն։ Ակնկալում ենք ձեր դիրքորոշման հրապարակային ներկայացումը։
Տե՛ր կանգնենք մեր խոստումներին, քվեին, և հաղթանակը ժողովրդինը կլինի։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ