Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «ՔԵՅՍԱՆ ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» շինարարական խոշոր ընկերության և հայ-իրանական առևտրի տուն հանդիսացող «ԻՄՊ-ԷՔՍ ԹՐԵՅԴ ՀԱՈՒՍ» ներկայացուցիչներին՝ քննարկելու քաղաքաշինության ոլորտում համագործակցության ուղիներն ու ներդրումային հնարավոր ծրագրերը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ողջունել է իրանական ընկերության պատրաստակամությունը՝ ընդգրկվելու Հայաստանի շինարարության ոլորտում՝ հաշվի առնելով հանրապետությունում իրականացվող և առաջիկա տարիներին կառավարության նախատեսած մեծամասշտաբ դպրոցաշինական, ճանապարհաշինական ծրագրերը. «Խնդիր է դրված իրագործել բոլոր ծրագրերը բարձր որակով և ժամանակին՝ այդ նպատակով գործնական քայլեր կատարելով նաև՝ դյուրացնելու օտարերկրյա կազմակերպությունների, մասնագիտական ներուժի ներգրավումը»:
«ՔԵՅՍԱՆ ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» ընկերության գլխավոր տնօրեն Քամրան Քիային ներկայացրել է ընկերության փորձը բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների, թունելների, երկաթգծի կառուցման ոլորտներում: Նա տեղեկացրել է նաև ընկերության կազմում գործող, տարածաշրջանում երկրաշարժերի ազդեցությունն ուսումնասիրող կենտրոնի մասին՝ առաջարկելով փորձի փոխանակում կազմակերպել հայ և իրանցի մասնագետների համար:
Հայաստանի և Իրանի փոխադարձ տնտեսական հետաքրքրվածությունը հաշվի առնելով՝ կողմերն ընդգծել են շինարարության ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունը: Հայկական և իրանական ընկերությունների գործարար կապերի հաստատմանը նպաստող տեղական «ԻՄՊ-ԷՔՍ ԹՐԵՅԴ ՀԱՈՒՍ» ընկերության խորհրդի նախագահ Ռոբերտ Հայրապետյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու համագործակցության կայացմանը:
Կարդացեք նաև
ՀՀ քաղաքաշինության կոմիտե