Գյումրիի և Ճապոնիայի կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման ծրագիր է գործելու։ Գյումրեցի 10 մասնագետներ վերապատրաստում են անցնելու Ճապոնիայում, որից հետո կա հնարավորություն նրանց հենց այնտեղ աշխատանքի տեղավորելու։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, սակայն, դեմ է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հմտացած գյումրեցի մասնագետները մնան Ճապոնիայում։
Վերջինս ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպման ժամանակ, որին տեսակապով միացել է նաև Ճապոնիայի Իզումո քաղաքի քաղաքապետ Տոշիյուկի Իիցուկան, խնդրել է ճապոնական տեղեկատվական տեխնոլոգիաների մի քանի ընկերությունների մասնաճյուղեր հիմնել նաև Գյումրիում։
«Հանդիպում ենք ունեցել Ճապոնիայի դեսպանի և տեղեկատվական տեխնոլոգիաների հայտնի մի ընկերության ղեկավարի հետ։ Առաջարկվել է գյումրեցի երիտասարդներին աշխատանքի տեղավորել Ճապոնիայում, ես դեմ եմ եղել։
Կարդացեք նաև
Առաջարկել եմ մասնագիտական գիտելիք տան գյումրեցիներին ու ներդրումներ կատարեն, աշխատատեղեր ստեղծեն Գյումրիում։
Նախնական պայմանավորվածություն ձեռք ենք բերել, Գյումրիից 10 հոգի կվերապատրաստվեն, հետ կգան ու IT մասնագետների քանակը կավելացնենք»,-ասաց քաղաքապետը։
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում պայմանավորվածությունը կիրագործվի, քանի որ համայնքը պատրաստ է հողատարածք տրամադրել գրասենյակների բացման համար, միայն թե Գյումրիում աշխատատեղեր ստեղծեն, ու այսպիսով քաղաքային իշխանությունը կարողանա նվազեցնել գործազրկության բարձր մակարդակը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ