«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակում է Ավան վարչական շրջանում։
«Արդեն մեկ տարի է՝ ինչ բոլոր վարչական շրջաններում հանդիպում ենք ձեզ եւ խոսում ենք Երեւանի խնդիրների մասին, բակերի, ֆուտբոլի դաշտերի, մանկապարտեզների, դպրոցների մասին։ Բացի խոսելուց՝ մենք սկսում ենք այդ խնդիրները լուծել։ Շատ դեպքերում, երբ դուք ինչ-որ բան մեզնից պահանջել եք, մեզ հանձնարարել եք, մենք դա դարձրել ենք մեր անելիքը, մեր ծրագիրը։ Նույնը տեղի է ունեցել Ավան վարչական շրջանում»,- դիմելով Ավանի բնակիչներին՝ ասաց Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ իրենց կարգախոսն արհեստական չէ։ «Հավաքական երեւանցիների պահանջներով՝ այս տարի միայն Երեւանում հիմնանորոգվում է 24 մանկապարտեզ, փոխարինվում է 600 վերելակ, ասֆալտապատվում է մոտ 70 կմ ճանապարհ, այս տարի միայն հիմնանորոգվում են 15 այգիներ։ Ինչպես նաեւ Ավան վարչական շրջանում մեծ այգու հիմնման ծրագիր ունենք։ Եվ ուզում եմ իմանաք, որ այս ծավալի շինարարություն ու բարեկարգում մեկ էլ Խորհրդային միության տարիներին է եղել՝ Դեմիրճյանի ժամանակ։ Ամեն նոր հիմնանորոգված մանկապարտեզի հետ մեր երեխաները գնում են ավելի լավ պայմաններով ավելի լավ միջավայրում նախակրթարաններ։ Այսօր այցելել եմ մի քանի նոր դպրոցներ, որոնց կառուցումը մեկնարկել է դեռեւս 2020 թվականին։ Եվ այն ժամանակ շատ ծանր ժամանակաշրջան էր, բայց արդեն իսկ պատրաստի այդ դպրոցները շուտով ընդունելու են հազարավոր երեւանցիների։ Եվ մեր երեխաներն արժանի են լավագույն ֆուտբոլի դաշտերին, լավագույն մանկապարտեզներին, լավագույն դպրոցներին, հետագայում՝ լավագույն դպրոցներին, որովհետեւ նրանք են մեր ապագան, նրանք են կառուցելու այս քաղաքը, նրանք են տեր լինելու այս քաղաքին եւ այս երկրին»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը։
Նա կոչ արեց սեպտեմբերի 17-ին ակտիվ մասնակցել Երեւանու ավագանու ընտրություններին եւ կողմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագրին»։ «Իմացեք, ինչ ասել եք, եւ մենք արել ենք, հիմա էլ ասեք, կանենք»,- խոստացավ նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ