Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնայի ճանապարհի հարցը որեւէ կերպ չի կարող կապվել Լաչինի միջանցքի ռեժիմի հետ»․ Դավիթ Կարաբեկյան

Սեպտեմբեր 08,2023 17:43

Արցախի բնակչությունը համարում է, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկումը կարող է հանգեցնել Լաչինի միջանցքի վերջնական փակմանը եւ լինել Արցախն Ադրբեջանին ինտեգրելու քայլ։ «Առավոտի» հետ զրույցում այս մասին ասաց Արցախի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։

Նշենք, որ Արցախի Հանրապետության Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի հատվածում արցախցիները շարունակում են հերթապահությունը։  Ադրբեջանական կողմը «հումանիտար» բեռնատարներով այդ ճանապարհով փորձ էր արել մուտք գործել Արցախ:

Դավիթ Կարաբեկյանի խոսքով՝ ադրբեջանական ԶԼՄ-ներով, այդ թվում՝ պաշտոնական, ինտեգրման մասին թեզեր են հնչեցվում։ «Հայաստանյան կողմի դիրքորոշումն այս հարցում բանակցությունների ժամանակ պետք է ընդգծված երեւա։ Այսինքն՝ պետք է սահմանել, որ եթե Ակնայի ճանապարհը շահագործվելու է, դա որեւէ կերպ կապ չունի Լաչինի միջանցքի հետ, որովհետեւ բանակցություններում խոսք գնաց լրացուցիչ ճանապարհի մասին։ Արցախի պաշտոնական կարծիքն այդ բանակցություններում պետք է լինի, որ Լաչինի միջանցքը պետք է գործի։ Ընդ որում, պետք է գործի այնպես, ինչպես դա ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»,- ասաց նա։

Ըստ Դավիթ Կարաբեկյանի՝ եթե Ադրբեջանը պնդում է, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը պետք է բացվի, դա բանակցությունների խնդիր է։ Եվ այդ բանակցությունները, մեր զրուցակցի խոսքով, պետք է ընթանան նաեւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ, որպեսզի ավելորդ մեկնաբանություններ ու շահարկումներ չլինեն հնարավոր ինտեգրացիայի, Լաչինի վերջնական միջանցքի փակման եւ այլնի մասին։

«Բացի դրանից, մենք պետք է շարունակենք պայքարել, որ Լաչինի միջանցքը գործի այնպես, ինչպես դա սահմանված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, այսինքն՝ ադրբեջանական հսկիչ սահմանային կետ չլինի, միջանցքը լինի 5 կմ լայնությամբ, եւ բեռներն ու ուղեւորներն անխափան տեղափոխվեն երկու ուղղությամբ։ Իսկ եթե Բաքուն ուզում է բարի կամք դրսեւորել ու շահագործել Ակնայի ճանապարհը, դա պետք է Հայաստանի ու Ադրբեջանի հետ նախօրոք համաձայնեցվի, եւ ցանկալի է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով լինեն բանակցությունները։ Ռուսաստանը ձգտում է ինքը լինել եւ պնդում է, որ բանակցությունները Եվլախում լինեն՝ Ադրբեջանի տարածքում։ Բաքուն համակարծիք է, բայց, իմ կարծիքով, ցանկալի է, որ լինի երրորդ չեզոք երկիր, որպեսզի հնարավոր ճնշումներից ու սպեկուլյացիաներից զերծ մնանք։ Եվ պետք է նախապայմաններն ու շանտաժը բացառվեն։ Օրինակ՝ Ադրբեջանը սիրում է «Զանգեզուրի միջանցքի» հարցն առաջ քաշել, բայց պետք է հաշվի առնել, որ Ակնայի ճանապարհի խնդիրը հենց ինքը՝ Բաքուն է առաջ քաշել՝ Եվրամիության միջնորդությամբ բանակցություններում։ Որեւէ կերպ դա չի կարող կապվել ոչ «Զանգեզուրի միջանցքի», ոչ էլ Լաչինի միջանցքի ռեժիմի հետ»,- հավելեց Դավիթ Կարաբեկյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930