Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խուլիգանության հոդվածը գրպանում պահած հոդված է պետության համար մեղադրելու անցանկալի մարդկանց. փաստաբան

Սեպտեմբեր 08,2023 17:30

Արցախյան 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանը ձերբակալվել է երկու արարքի կատարման համար: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը:

«Խուլիգանությունը, որը արտահայտվում է նրանում, որ անցյալ տարի գլխավոր դատախազության դիմաց զոհվածների ծնողները իրավաչափ ակցիա էին անցկացնում, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային: Գարիկ Գալեյանն իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին: Այդ արարքը դիտվել է որպես խմբով խուլիգանության կատարում, ընդ որում՝ ինձ համար պարզ չէ, թե այդ խմբի մյուս անդամը ով է, հավանաբար շիշը, որովհետեւ մեղադրանքի որոշման մեջ պարզ չի դառնում»,- ասաց փաստաբանը:

Այդ դեպքով, ըստ Հովհաննիսյանի, իրենք էին հանցագործության մասին հաղորդում տվել, Գարիկ Գալեյանն էր ստացել մարմնական վնասվածքներ, այդ դեպքով զոհվածների ծնողներից որեւէ մեկը չի հարցաքննվել, հարցաքննվել են միայն ոստիկաններ, որոնց ցուցմունքներն էլ, ըստ փաստաբանի, հենց մեղադրանքի հիմքում են. «Ընդ որում, երբ մենք համադրում ենք այդ մեղադրանքի փաստական կողմը մեզ քաջ ծանոթ դեպքի հետ, երբ ԱԺ նախագահը թքեց քաղաքացու դեմքին, հասկանում ենք՝ այստեղ կամ խուլիգանության մասին խոսք չկա, կամ ակնհայտ խտրական վերաբերմունք է: Այսինքն՝ խուլիգանության հոդվածը գրպանում պահած հոդված է պետության համար՝ մեղադրելու այն մարդկանց, որոնք իրենց համար անցանկալի են»:

Այսինքն՝ մեկ տարի առաջ Գալեյանի կողմից ջրված քաղաքացին նոր է որոշել հանցագործության մասին հաղորդում տալ, հարցին՝ ինչու մեկ տարի անց, փաստաբանն ասաց՝ չգիտի, բայց իրադարձությունների ժամանակագրությունն, ըստ նրա, տանում է դեպի քաղաքականություն. «Հիմա, եթե ես հայտարարեմ, որ դա կապված է քաղաքական պրոցեսների հետ, կրկին կասեն, որ փաստաբանը քաղաքական հայտարարություն է անում: Բայց, ե՞րբ դա սկսվեց, սկսվեց, երբ ծնողները միացան Հայաքվեին, սկսվեց, երբ հայտարարեցին, որ միանում են «Մայր Հայաստան» դաշինքին»:

Երկրորդ մեղադրանքը, ըստ փաստաբանի, Գալեյանին առաջադրվել է թմրամիջոց պահելու համար. «Չեմ ուզում, նույնիսկ չեմ իմանում՝ ինչ անվանում կարելի է տալ սրան; Շինծու մեղադրանք»:

Հովհաննիսյանը հավելեց, որ երկու մեղադրանքի մասով էլ Գարիկ Գալեյանը մեղադրանքը չի ընդունում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930