Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում բոլոր քաղաքակիրթ երկրների ոչ անտարբեր քաղաքացիներին՝ ուժեղացնել ճնշումն իրենց կառավարությունների վրա

Սեպտեմբեր 08,2023 17:10

Սեպտեմբերի 9-ին լրանում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» ձևավորման 100-րդ օրը: Հանրային շարժման ձևավորումը պահանջված էր մի շարք պատճառներով:  Գերակայողն, անշուշտ, հասարակության համախմբումն է հստակ սահմանված սկզբունքների և հենասյուների հիման վրա՝ հակազդելու Ադրբեջանի կողմից Արցախի վերջնական բռնակցման սպառնալիքին։

«Ազատ, անվտանգ, երջանիկ հայկական Արցախը» մեր ուղենիշն է, որի հիման վրա մենք մշակել ենք գործողությունների ծրագիր, որը պարտավոր ենք համարում հետևողականորեն և պատասխանատվությամբ իրականացնել։

Շարժման մասնակիցները վճռական են շարունակելու իրենց գործունեությունն Արցախում, Հայաստանում և Հայկական աշխարհում՝ հանուն համազգային նպատակների ու արժեքների  եւ Արցախի ժողովրդի՝ իր երկրում իր իսկ օրենքներով արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության:

Քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Արցախը ենթարկվում է ֆաշիստական բռնաճնշումների, տառապում` տոտալ շրջափակումից, Արցախի Հանրապետության քաղաքացիները առեւանգվում են անգամ Կարմիր Խաչի մեքենայից:

Ադրբեջանը ոչ միայն շարունակում է անպատիժ խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այլեւ անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ որոշումներով արձանագրված պահանջները, արհամարհում միջազգային հանրության ու միջնորդական առաքելությունների կողմից հնչեցվող կոչերը:

Մենք գնահատում ենք միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, բայց եւ փաստում ենք, որ դրանք բավարար արդյունավետ չեն հիմնախնդրի հանգուցալուծման համար, անհրաժեշտ են նոր մոտեցումներ ու մեխանիզմներ` Արցախը ադրբեջանական պաշարումից ազատելու համար:

Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքակիրթ երկրների ոչ անտարբեր քաղաքացիներին՝ ուժեղացնել ճնշումն իրենց կառավարությունների վրա, ստիպել նրանց էլ ավելի ակտիվ ներգործել ագրեսորի վրա՝ հանուն Արցախի 120,000 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 30,000 երեխաների պաշտպանության։

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ջանքերը՝ ուղղված Արցախի անվտանգության ապահովմանը և ընդգծում ենք Ռուսաստանի միջնորդական դերն ու պատասխանատվությունը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման գործում։ Միևնույն ժամանակ, Արցախի սահմանին ադրբեջանական զինուժի ակնհայտ կուտակումը տեսնելով, մենք ցանկանում ենք վստահ լինել, որ ռուս խաղաղապահները և դաշնակից մյուս երկրները Ադրբեջանին թույլ չեն տա դիմել նոր ռազմական ագրեսիայի։

Արցախցիները՝ մեծ ու փոքր, իրենց դիմադրությամբ ապացուցել են, որ պատրաստ են ամբողջ ուժով պաշտպանել իրենց, պաշտպանել իրենց հայրենիքը, ազգային պատիվն ու արժանապատվությունը։

Տասնամյակների այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել մեկ օրում, «փոքր հաղթական պատերազմով» կամ խաղաղության մեկ պայմանագրով: Բայց մենք համոզված ենք, որ առանց կարմիր գծերը հատելու լուծումներ կարելի է գտնել, և կա ժողովուրդների խաղաղ գոյակցության հնարավորություն։ Դրա համար պահանջվում են ազնիվ, իրատեսական քայլեր, որոնք կվայելեն ժողովրդի վստահությունը։

Միջնորդական առաքելությունների և բանակցությունների անարդյունավետությունը վկայում է, որ առկա է բանակցային նարատիվի և բանակցային տրամաբանության որոշակի սխալ, որի սրբագրումը իրական հնարավորություն կբացի բարդ հակամարտության երկարաժամկետ լուծման համար:

Ադրբեջանի կողմից չթուլացող ճնշումներն ու չընդհատվող ծանրագույն շրջափակումն ակնհայտ են դարձնում, որ անհրաժեշտ է գտնել անվտանգային խնդրի միջանկյալ լուծման մեխանիզմ, որը կապահովի Արցախի ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ, ստեղծել քաղաքակիրթ միջավայր Ադրբեջանի հետ բանակցությունների և աշխատանքային շփումների, երկարաժամկետ և կայուն խաղաղության ու երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար։

Մենք ողջունում ենք Արցախի Հանրապետության Սահմանադրության շրջանակներում իշխանության օրինական փոխանցման գործընթացի մեկնարկը, ինչը վկայում է մեր ինքնիշխանության հասունությունը։

Ակնկալում ենք, որ Արցախի Հանրապետության նոր ղեկավարությունը, ստանձնելով իշխանության պատասխանատվությունը, հնարավորինս արագ կձեւավորի հետագա քայլերի ռազմավարությունը եւ համակարգային ու հետեւողական մոտեցումով այն կյանքի կկոչի:

Միաժամանակ մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում Շարժման սկզբունքների ու գաղափարների վրա հիմնված կառուցողական համագործակցության։

Մեր ժողովրդի համար այս ծանր ժամին կոչ ենք անում բոլորին սթափ գնահատել իրավիճակի բարդությունը և չտրվել Արցախի ներքին անվտանգությանն ու պետականությանը սպառնացող սադրանքներին։

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930