«Մենք անհանգստացած ենք, որ ՀՀ-ում աճում է այն մեդիահամակարգերի թիվը, որոնք ունեն պրոարևմտյան ուղղվածություն և որոնց նպատակն է վնասել հայ-ռուսական հարաբերությունները»,- Երևանում անցկացվող ռուս-հայկական մեդիաֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հորդորել է գոյություն ունեցող խնդիրների մասին խոսել անկեղծ․ «Առանց կասկածի՝ մեր համատեղ աշխատանքի առաջնահերթությունն է մեր երկրների համագործակցության ամրապնդումը։ Կարևորում ենք անկեղծ քաղաքական, բաց երկխոսությունը բոլոր մակարդակներում, փոխշահավետ տնտեսական համագործակցությունը, հումանիտար համագործակցությունը։ Տասնամյակներ Մոսկվան ու Երևանը համագործակցել են, մենք եղբայրական հայ ժողովրդին օգնել ենք ամենաբարդ ժամանակներում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ներգրավվածության շնորհիվ 2020-ին կանգնեցվեց պատերազմը։ Նա անձնական ջանքեր է ներդրել, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրվի»։
Մարիա Զախարովան նաև նշել է, որ ՌԴ-ն ՀՀ տնտեսության ամենագլխավոր ներդրողն է։
Հիշեցրել է, որ 2010-ից սկսած ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրված հումանիտար օգնության ծավալները 7 միլիոն դոլարն են անցել, 1800 հայ ուսանողներ ՌԴ պետբյուջեի հաշվին սովորում են ռուսական բուհերում, ռուս սահմանապահները հայ գործընկերների հետ ծառայություն են իրականացնում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններին։
Կարդացեք նաև
Նա նաև անընդունելի է համարել ՀՀ-ում ՌԴ-ի հասցեին հնչող մեղադրանքները․ «Մենք անընդունելի ենք համարում մեր ժողովուրդների միջև թշնամություն ու ատելություն սերմանելու և Հայաստանի բոլոր դժբախտությունների համար Ռուսաստանին մեղադրելու փորձերը: Ենթադրում ենք, որ ո՛չ մեզ, ո՛չ ձեզ չի կարող բավարարել վերջին շրջանում Հայաստանի տեղեկատվական դաշտում նկատվող այդ հստակ միտումը»։ Ըստ նրա՝ երկու ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերություններին միակողմանի և բացասական երանգավորմամբ ու իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը վնասում է։
Մարիա Զախարովան նաև մտահոգիչ է համարել այն, որ մի շարք ռուս գործիչներ ընդգրկված են այսպես կոչված «սև ցուցակում» և չեն կարող այցելել Հայաստան․ «Միայն իրենց անձնական տեսակետները հայտնած գործիչներին «անցանկալի անձ» որակելու որոշումը լուրջ վնաս է հասցնում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությանը»։
Խոսելով բլոգեր Միկա Բադալյանի ու Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գեւորգյանի ձերբակալության մասին՝ Մարիա Զախարովան այն բնութագրել է որպես «սադրանք՝ հայ-ռուսական մեդիաֆորումի նախաշեմին» ու նշել է․ «Սրա հետևում կանգնած են այն ուժերը, որոնք հետաքրքրված չեն մեր երկրիների և ժողովուրդների բարեկամությամբ։ Նրանց նպատակն է երկու ժողովուրդների միջև ատելություն, վախ և անվստահություն տարածելը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
իսկ դուք հայաստանի անկախության հետ կապված լուրջ ախորժակներ ունեք։ 5000 տարի դաշնակից լինելը նշանակում է դաշնակցին հարձակման դեպքում օգնել, ռսների դեպքում դա դիտորդ ուղարկելն է հա՞ դե բա գնացեք գրողի ծոցը