Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Ավետիսյան․ «Առաջարկում ենք քաղաքի որոշ մասերում երթեւեկությունը մտնի գետնի տակ, հետիոտնի տարածքներն իրար միանան»

Սեպտեմբեր 08,2023 16:38

«Մեծախոսություն չլինի, բայց պետք է նշեմ, որ մեր թիմում հիմնականում քաղաքային կառավարման ոլորտի մասնագետներ են։ Մեր աղբահանության մասնագետը եղել է Երեւանի աղբահանության ոլորտի պատասխանատուն ամենաճգնաժամային շրջանում։ Մեր կուսակցության ղեկավարը (Վիկտոր Մնացականյանը) եղել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, բոլորը տեսել են՝ ինչպես է աշխատել։ Մեր թիմում է Աջափնյակ ու Նուբարաշենի վարչական շրջանների նախկին թաղապետը։ Ես Կենտրոն վարչական շրջանում ղեկավարել եմ առեւտրի եւ սպասարկման ոլորտը։ Այսինքն, մենք աշխատանքային փորձ ունենք եւ ենթադրում եմ, որ մարդիկ լավ բաներ են տեսել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Հաղթանակ» կուսակցության ավագանու թեկնածու Արման Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ երեւանցին 14 քաղաքական ուժերից պետք է ձեր կուսակցությանը քվե տա։

Պարոն Ավետիսյանին հիշեցրեցինք, որ իրենց կուսակցության ղեկավարը, երբ Կենտրոնի թաղապետն էր, Կողբացի փողոցում մի կարճ հեծանվուղի բացեց, պաշտոնապես ցուցադրվեց, բայց այն չգործեց, որոշ ժամանակ հետո այդ տարածքում սրճարաններն ընդլայնվեցին՝ մայթերը գրավելով։ Հիմա կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի օրերին նոր հեծանվուղիների մասին է խոսում՝ ունենալով դրա անհաջող փորձը։

Այս առնչությամբ Արման Ավետիսյանն ասաց՝ դա անհաջող փորձ չէր, դա նախադեպ էր, որը միտված էր շարունակականություն ունենալուն․ «Վիկտոր Մնացականյանի հեռանալուց հետո դա ծածկեցին ասֆալտի շերտով։ Դա անհաջող փորձ չէր, օրինակ էր։ Այդ հեծանվուղին փողոցի վրա էր, մայթերը Մնացականյանի նախաձեռնությամբ են մեծացրել ու այդքան մասը հեծանվուղի ենք սարքել որպես նախադեպ՝ որ ցույց տանք, թե ինչպիսին կարող է լինի մեր քաղաքը։ Այդքանն, իհարկե, կարճ էր հեծանվուղու համար, հեծանիվ քշելու համար չէր, ցուցադրական էր»։

«Հաղթանակ» կուսակցությունը նախընտրական ծրագիրը չի հրապարակել, խոստացել են ամսի 14-ին այն հրապարակել, մինչ այդ քարոզարշավի ընթացքում որոշ դրույթներ են ներկայացնում։

Ավետիսյանը կուսակցության նախընտրական ծրագրի քաղաքաշինության ոլորտին վերաբերող առանցքային կետերին անդրադառնալով՝ նշեց․ «Քանի որ մեր կարգախոսն է՝ «Մարդամոտ քաղաք», մենք նախապատվությունը տալիս ենք հետիոտնին։ Նախատեսում ենք մայթերի լայնացում, հեծանվուղիների ստեղծում։ Մեր ծրագրով առաջարկում ենք, որ որոշ մասերում երթեւեկությունը մտնի գետնի տակ, հետիոտնի տարածքները միանան իրար։ Օրինակ՝ Վարդան Մամիկոնյանի արձանից մինչեւ Վերնիսաժի այգի, այդ հատվածում մեքենաների երթեւեկությունը մտնի գետնի տակ, իսկ ճանապարհը դառնա հետիոտնի ճանապարհ»։

Ավետիսյանն ասաց, որ կուսակցությունը գտնում է, որ փոքր կենտրոնը մեր մայրաքաղաքի քաղաքաշինական հենքն է, եւ հետեւաբար, առանձին մոտեցում պետք է լինի․«Օրենքով պետք է սահմանվի եւ փոքր կենտրոնը դառնա հատուկ պահպանվող տարածք, որպեսզի իրեն ներկայացվող քաղաքաշինական նորմերը տարբերվեն մյուս վարչական շրջաններին ներկայացվող նորմերից։ Ցավալի դեպքեր ենք տեսնում, երբ օրինակ՝ Փարաջանովի թանգարանի մոտ 23 հարկանի շենք կառուցելու շինթույլտվություն են տալիս։ Բայց ամեն ինչ պետք է հաշվի առնել՝ կողքի շենքերի հարկայնությունը, ճարտարապետական տեսքը»։

Կուսակցության գլխավոր առաջարկն՝ ըստ Վիկտորի պլանի, 15 րոպեանոց քաղաքի մոդելն է։ Այս մասին կուսակցության ավագանու թեկնածուները շատ են խոսում։ Այս մոդելը, ինչպես Ավետիսյանն ասաց, ենթադրում է, որ քաղաքացին տանից դուրս գալիս պետք է հնարավորություն ունենա 15 րոպեում ոտքով հասնի իր համար ամենակարեւոր վայրերը՝ դպրոց, մանկապարտեզ, դեղատուն, խանութ, բուժհիմնարկ եւ այլն․ «Ամեն վարչական շրջան այնպես դասավորված լինի, որ մարդը տանից դուրս գա ու չպիտի երկու ժամ ոտքով գնա, որ հասնի բուժհիմնարկ կամ մանկապարտեզ»։

«Հաղթանակը» հնացած ու մաշված բնակֆոնդը թարմացնելու համար առաջարկում է՝ շինթույլտվություն տալիս կառուցապատողի հետ նախօրոք պայմանագիր կնքել, որպեսզի կառուցվող շենքերից ինչ-որ տոկոս լինի քաղաքապետարանի տնօրինության տակ, եւ դա, ինչպես Ավետիսյանն ասաց, օգտագործվի որպես բնակֆոնդ։

Քաղաքացիների դժգոհությունը հարուցած քաղաքաշինական նորմերի խախտումներով, կամ թեեւ նորմերին համապատասխան, սակայն ճարտարապետական անճաշակ ու անհասկանալի լուծումներով շենք-շինությունների դեմն առնելու համար էլ Ավետիսյանն ասաց՝ նախապատվությունը տալիս ենք ռազմավարական «մաստեր-պլանին», որը առաջիկա 20-30 տարիների ծրագիրը կլինի․ «Այսինքն, ոչ մի լուծում իրավիճակային չի լինելու։ Հիմա գալիս են, նայում են, շինթույլտվություն են տալիս, բայց չեն մտածում, թե 20 տարի հետո այդ տարածքում ինչ կլինի, այդ շենքը ինչին կխանգարի։ Մեր առաջարկած մաստեր-պլանը բոլոր հարցերի պատասխանը տալու է՝ քաղաքաշինություն, երթեւեկություն, օդի աղտոտվածություն, շենքերի հարկայնություն, ջրահեռացում, ամեն ինչ հաշվարկվելու է եւ ամեն ինչ պլանավորվելու է 20-30 տարի հետոյի համար»։

Ավագանու թեկնածուն մայրաքաղաքի այգիների, հանգստյան գոտիների եւ խաղաղահրապարակների մասին էլ ասաց՝ դրա համար քաղաքացին, ինչպես քարոզարշավի այս օրերին է լինում, քաղաքային իշխանությանը չպետք է շնորհակալություն հայտնի, քանի որ դա քաղաքապետարանի պարտականությունն է, քաղաքացին հարկ է վճարում դրա համար․ «Ով էլ լինի իշխանության՝ դա պարտավոր է անել։ Մենք էլ գանք իշխանության, դա մեր պարտականությունն է լինելու։ Քաղաքում կան այգիներ խաղահրապարակներ, ուղղակի վերանորոգել, կանաչապատել է պետք դրանք։ Այո, ավտոտնակներ կան, որոնք հեռացնել է պետք։ Մի խոսքով՝ աշխատանք շատ կա անելու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930