Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազումք»-ին տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է տրամադրվել

Սեպտեմբեր 08,2023 16:05

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 7-ին տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է հանձնել «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամին:

Լիցենզիան հնարավորություն կտա հիմնադրամին առավել շահավետ իրականացնել աշխատանքները, քանի որ 2020 թվականի մարտին ընդունված «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կազատվի ԱԱՀ-ից և հնարավորություն կստանա գումարներն ավելի նպատակային օգտագործել:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի անձնակազմին լիցենզիա ստանալու կապակցությամբ, ընդգծել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է տիեզերական գործունեություն զարգացումը Հայաստանում:

«Սա նշանակալի իրադարձություն է մեզ համար, քանի որ առաջին մասնավոր ընկերությունն եք, որ տիեզերական գործունեության լիցենզիա եք ստանում: Ձեր կատարած աշխատանքն արդեն իսկ տեսանելի է, և հուսով ենք, որ լիցենզիան ստանալուց հետո էլ ավելի կընդլայնվի ձեր գործունեությունը, ավելի մեծ և ծավալուն աշխատանք կիրականացնեք: Թող սա հիմք հանդիսանա մեր համագործակցության, որպեսզի կյանքի կոչվեն նախանշված բոլոր ծրագրերն ու մտադրությունները»,- իր խոսքում նշել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստակամ է օգնելու, աջակցելու լաբորատորիայի գործունեությանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, կարևորելով հիմնադրամի աշխատանքը, ընդգծել է, որ ամբողջ աշխարհում տիեզերական տեխնոլոգիաներն այսօր բուռն զարգացում են ապրում, և Հայաստանը չի կարող անմասն մնալ այս գործընթացից:

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի տնօրեն Ավետիք Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով նախարարությանը, նշել է.
«Տեսնում ենք պետության գործուն աջակցությունը, հեռանկարային մոտեցումը, հետևաբար, ոգևորված ենք և այդ ոգով կշարունակենք իրականացնել մեր գործն ու առաքելությունը: Համոզված եմ, որ տիեզերական գործունեության խթանումը արդյունավետ լոկոմոտիվ կհանդիսանա մեր երկրում բոլոր գիտարար և տեխնոլոգիական ոլորտների զարգացման համար»:

Այնուհետև նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել նորագույն սարքավորումներով հագեցած «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:

Նշենք, որ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը նախաձեռնել է Hayasat-1 անվանումով CubeSat նանոարբանյակի մշակման, ստեղծման, ծրագրավորման, փորձարկման արձակման կազմակերպման ծրագրի գործընթացը։ Արբանյակի թեստավորումը կավարտվի սեպտեմբերի վերջին և նոյեմբերին այն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով:

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930