Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ ցուցակում ներառված թաղապետը կենցաղային տեխնիկա և կահույք է բաժանում, իսկ ԿԸՀ նախագահն ասում է՝ «ընտրողներն ազատ ու գաղտնի են քվեարկելու»

Սեպտեմբեր 08,2023 15:49

Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, ի թիվս բազմաթիվ խոստումների, իշխանության ներկայացուցիչները նաեւ աջակցության ծրագրեր են իրականացնում բնակչության տարբեր խմբերի համար։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքի էջում հրապարակվել է տեղեկատվություն, ըստ որի՝ «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի նախաձեռնությամբ՝ վարչական շրջանի «Բազմազավակ, երիտասարդ և այլ խմբերին պատկանող ընտանիքներին աջակցություն» ծրագրի շրջանակներում, ըստ կարիքի համալիր գնահատման արդյունքում, վարչական շրջանի աջակցության կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվեց կենցաղային տեխնիկա և կահույք»։

Արման Բարխուդարյանը, հիշեցնենք, ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երեւանի ավագանու ընտրությունների մասնակիցների ցուցակում։

Վահագն Հովակիմյան

«Առավոտ»-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին հարցրեց՝ արդյոք սա նախընտրական շրջանում չի դիտվո՞ւմ որպես ընտրակաշառք կամ վարչական լծակի կիրառում։ «Քանի որ ես երեւույթի մասին տեղեկություն չունեմ, չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, չեմ կարող գնահատել։ Ավելին, այս դեպքում իմ կարծիքը ԿԸՀ անդամներից մեկի կարծիք է ընդամենը»,- ասաց Վահագն Հովակիմյանը։

Նա հավելեց․ «Բայց ես մի բան կարող եմ ասել, որ ընտրողներն ազատ ու գաղտնի են քվեարկելու տեղամասում։ Իմ պնդումը, որ տեղամասում ընտրողն ազատ ու գաղտնի է քվեարկելու, դա ընդմիշտ է։ Այսինքն՝ որեւէ մեկը որեւէ կերպ չի կարող ազդել ընտրողի կամքի վրա։ Թե ինչ կորոշի ընտրողը, դա իր որոշումն է»։

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930