Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա». Բրյուսովի դեկանը Լիլիթ Գալստյանին 0,25 դրույքով դասավանդելուց զրկելու մասին

Սեպտեմբեր 08,2023 15:07

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Վ. Բրյուսովի անվան համալսարանում իր 0.25 դրույքը կրճատել են եւ ասել, որ արտաքին համատեղման 0.25 դրույքներ համալսարանին պետք չեն, քանի որ ավելորդ բեռ են համալսարանի բյուջեի վրա: Նաեւ նշել էր, որ 0,25 դրույքով ինքն անգլերեն-հայերեն գրական թարգմանություն է դասավանդում 2011-ից, ավագ դասախոս է, բանասիրական գիտությունների թեկնածու, 2 տարի ԲՈԻՀ-ի կառավարման խորհրդի անդամ է եղել, թարգմանական եւ գիտական մի քանի ժողովածուի հեղինակ է, Հայաստանի գրողների միության անդամ:

«Այնքան ակնհայտ է, որ տարիներ շարունակ ոչ թե 38 000 դրամ աշխատավարձի համար եմ մտել ԲՈՒՀ, այլ ուսանողներին գիտելիք փոխանցելու, թարգմանական արվեստին հաղորդակից դարձնելու համոզումով։

 «Ի վերջո, ու՞ր մնաց ուսանողների կրթական շահը։ Կարծում եմ, որ կամայական որոշում եք կայացրել, նվազագույնը հատել աշխատանքային էթիկայի և բարոյականության սահմանները, ի վերջո, ոչ թե սեպտեմբերի 4-ին պիտի այդ մասին իմանայի, այն էլ՝ լսարանում, այլ նվազագույնը հունիսն, որպեսզի ընտրելու մեկ այլ բուհ, որտեղից դասավանդելու հրավեր ունեի»։

Եվ ահա այստեղ գալիս է անկեղծության պահը․ դեկան Մարգարյանը կորցնում է emotional intelligence/էմոցիոնալ ինտելեկտը/, ընկնում Նիկոլին ու ռեժիմին հավատարմության երդում տալու էքստազի մեջ և պայթում․ «Բա լավ ա՞ որ ԱԺ ամբիոնից ցեխ ես թափում Բրյուսովի գլխին»։

Դե սրա հետ երկխոսությունն այստեղ ավարտված է․․․և, ինչպես գրեթե համոզված էի՝ իրական պատճառը բացահայտված․․․

Այս տեսակին, որը կարծեմ միջազգային կառույցների հետ էլ է աշխատել, անգամ ավելորդ է բացատրել, թե ինչ է ասում բուհական խտրականությունը մերժող Սահմանադրության 38-րդ հոդվածը կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնարարականը։

«Ցեխ թափելով» այս տիկինը նկատի ուներ Բրյուսով-Ֆիզկուլտ ինստիտուտ-Մանկավարժական համալսարանները միավորելու ԿԳՄՍ նախարարության չհիմնավորված և ձախողված ծրագրի բացահայտմանն ուղղված իմ ջանքերը, դատարկ և կիսագրագետ թղթերի հրապարակայնացումը։ Չհիմնավորված գործընթացի կասեցումը․․․

«Ցեխ թափելով» այս տիկինը հավանաբար նկատի ունի նաև Բրյուսովի զավթման օպերացիայի դեմ իմ մի շարք բարձրաձայնումները․ երբ ԿԳՄՍ-ն՝ օրինական ճանապարհով ընտրված ռեկտորի թեկնածությունը չհաստատեց և օրենքի ու բազմաթիվ ընթացակարգերի խախտումով նախարարության տեղապահ նշանակեց ընտրությունում նվազագույն ձայներ հավաքած իր թեկնածուին»,-գրել է Լիլիթ Գալստյանը:

Բելլա Մարգարյան

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապվեց Թարգմանության եւ միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի դեկան Բելլա Մարգարյանի հետ: Հարցրինք՝ արդյոք այս պատմությունը չունի քաղաքական աստառ եւ ո՞վ է դասավանդելու Լիլիթ Գալստյանի փոխարեն նույն առարկան:

«Բացարձակ քաղաքական աստառ այստեղ չի կարող լինել, որովհետեւ 0,25 դրույքները, երբ արտաքին համատեղություն են, սովորաբար բեռ են համալսարանի վրա, դա միշտ այդպես է եղել: Ես արդեն չորրորդ ռեկտորի հետ եմ աշխատում եւ միշտ այդ խնդիրը կա: Արտաքին համատեղություններ մենք հիմնականում վերցնում ենք այն մասնագետներին, որոնց կարիքն ունենք:

Այս պարագայում տիկին Գալստյանը մեզ մոտ կարդացել է գրական թարգմանություն, որի երկու մասնագետ ունենք դոկտոր, պրոֆեսոր՝ Համբարձումյան Դիանան եւ Գասպարյան Գայանեն, էլ չեմ խոսում դոցենտների եւ թեկնածուների մասին: Իրենք կարող են այս տարվա իրենց բեռնվածությամբ դա ապահովել: Բացի դրանից, մեր ֆակուլտետի ակադեմիական ազատությունն է, որ մենք որոշենք, թե որ մասնագետին կնախընտրենք տալ այդ ժամերը, հատկապես որ դա արտաքին համատեղություն է: Օրինակ մենք ունենք մեդիա թարգմանություն, որի մասնագետի կարիքն ունենք: Այ իրեն արտաքին համատեղությամբ հրավիրել ենք»,-նշեց Բելլա Մարգարյանը:

Դեկանը նաեւ հավելեց. «Նորից եմ կրկնում՝ քաղաքական ենթատեքստ չկա: Երբ անցյալ օրը տիկին Գալստյանն ասաց, որ ես հարցն առանց ուսումնասիրելու չեմ ստորագրել իր բեռնվածությունը, նրան ընդամենն ասացի, որ դուք էլ երեւի հարցն առանց խորությամբ ուսումնասիրելու՝ ԱԺ ամբիոնից ցեխ էիք թափում մեր համալսարանի վրա, ինչն ինձ համար վիրավորական էր: Նա սա որակեց որպես քաղաքական միտում…Մինչդեռ ինչ քաղաքական ենթատեքստ կա իմ պատասխանի մեջ: Ընդունեցի, որ ենթադրենք շատ լավ չեմ ուսումնասիրել հարցը, բայց ինքն էլ հարցեր կան, որ խորությամբ չի ուսումնասիրել: Սա է եղել, ես ուրիշ ոչինչ չեմ ասել: Տիկին Գալստյանին ասացի, որ մենք տարիներ շարունակ շատ գոհ ենք եղել իր աշխատանքից, բայց հիմա ունենք մասնագետ, որը կարող է նույնը անել, ընդ որում՝ դոկտոր, պրոֆեսոր է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930