«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Եվս մեկ կարևոր հաստատություն՝ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը 126 էջանոց զեկույց է հրապարակել և ահազանգ հնչեցրել Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ցեղասպանության վտանգի վերաբերյալ:
Ինստիտուտը «Արցախի Հանրապետությունում ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնների և ցուցիչների մասին» զեկույցը հրապարակել է սահմանված ժամկետից շուտ՝ նշելով, որ դա պայմանավորված է Արցախի Հանրապետությունում օրեցօր ահագնացող հումանիտար ճգնաժամով, որն առաջացել է Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով։
«Հույս ենք հայտնում, որ այս զեկույցը կնպաստի ամբողջ աշխարհի վճռականությանը՝ պաշտպանելու արցախահայության կյանքն ու ինքնությունը, կանխելու հայերի 2-րդ ցեղասպանությունը, ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա», – մասնավորապես ասվում է զեկույցում:
Կարդացեք նաև
Ինստիտուտը միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անդամ երկրներին մի շարք առաջարկներ է ներկայացնում՝ ընդգծելով դրանց հրատապ իրականացման կարևորությունը՝ Արցախում հայերի սովամահությունն ու բռնի տեղահանումը կանխելու համար։
Շնորհակալ եմ Լեմկինի ինստիտուտին և մասնագիտական խմբին՝ կատարած լուրջ աշխատանքի և անտարբեր չլինելու համար:
Զեկույցի ամփոփիչ մասի հայերեն տարբերակը հասանելի է հետևյալ հղումով: