Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են նոր չափանիշերով մաքսային ծառայողների պատրաստման դասընթացները: Կոմիտեում դասընթացի 2-րդ փուլը մեկնարկել է այս տարվա ապրիլից և ստացվել է շուրջ 1300 դիմում-հայտ։
Դիմորդների համար կազմակերպվել են օտար լեզվի, համակարգչային և մասնագիտական գիտելիքների ստուգման փուլերը։ Շուրջ 800 ընտրված մասնակիցների համար կազմակերպվել է դասընթացի ընդունելության հարցազրույցի փուլը, որն անցկացնող հանձնաժողովը գլխավորում էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Օգոստոսից ՊԵԿ ուսումնական կենտրոնում մեկնարկել է դասընթացի տեսական փուլը, որին մասնակցում են հարցազրույցի փուլը հաղթահարած 570 դիմորդներ, նրանցից 450-ը ՊԵԿ աշխատակիցներ են։
Դասընթացում նախատեսված են ընթացիկ և ամփոփիչ քննություններ։ Մասնագիտական գիտելիքները գնահատելուց բացի, կարևորվում է նաև դասընթացին մասնակցության կարգապահությունը:
Կարդացեք նաև
Դասընթացի տեսական փուլին կհաջորդի գործնական փուլը, որը կանցկացվի մաքսային մարմնի վերադաս և տարածքային ստորաբաժանումներում՝ տեղում աշխատանքային գործընթացներն ուսումնասիրելու և գործառույթներին ծանոթանալու նպատակով:
Յուրաքանչյուր փուլի ավարտին մասնակիցները ստանալու են վարկանիշային միավորներ, ովքեր ամփոփման արդյունքներով կընդգրկվեն վարկանիշային ցուցակում՝ 3 տարի ժամկետով։ Վարկանիշային ցուցակը համալրած մասնակիցները կստանան ՊԵԿ մաքսային ծառայությունում աշխատելու առաջարկ։
Պետական եկամուտների կոմիտեում մաքսային, ինչպես նաև հարկային ծառայողների պատրաստման գործընթացը՝ նոր ընթացակարգով, կրելու է շարունակական բնույթ:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին