Ադրբեջանում զորքերի տեղաշարժի, խոշոր կուտակումների, հնարավոր պատերազմի շեմին ՀՀ գործող իշխանությունը արհեստականորեն սրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այստեղ ամենակարևոր բառը «արհեստականորենն» է։
Շատ արհեստական է պրոցեսը, շատ խաղարկային։ Սա մեծ արկածախնդրություն է, որ կարող է չափազանց թանկ գին ունենալ։ Հռոմի Ստատուտը ԱԺ վավերացման ուղարկելը, ԱՄՆ հետ զորավարժությունները. Մոսկվան սրանց բոլոր հնարավոր կարևոր շենքերից կոշտ արձագանքել է։ Ու ՄԵԿ հոգին մի ողջ պետության դնում է էքսպերիմենտալ կենդանու տեղ։ Ու մենք, գլուխներս կախ, սպասում ենք մեր ճակատագրին։
Եթե կա պատերազմի վտանգ, ինչո՞ւ ես արհեստական սրում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ուկրաինական վոյաժը, Հռոմի ստատուտը ուղիղ անձնական մեսիջներ են Ռուսաստանին։ Ինչո՞ւ է դա արվում. որ կորուստները շա՞տ լինեն, որ զոհերը շա՞տ լինեն։ Հիշեցնենք, որ ՄԵԿ հոգին ամիսներ շարունակ հրաժարվում է ՀԱՊԿ առաքելությունից ու հիմա կառավարության նիստում հույսը դնում ՄԱԿ անվտանգության խորհրդի երկրների վրա։ Հայաստանը փորձադաշտ չէ։ Հերիք է ժողովրդին զոհասեղան ուղարկեք։
Մեծ բացակայություն
Կարդացեք նաև
Խորհրդարանական կառավարման համակարգում, արկածախնդիր իշխանության պայմաններում պետության համար կարևորագույն անվտանգության բարձիկ է խորհրդարանական ընդդիմությունը՝ որպես ինստիտուտ։ ՄԵԿ հոգու վտանգավոր քայլերի, ծայրահեղ վտանգավոր պահվածքի ֆոնին ուղղակի չի հասկացվում խորհրդարանական ընդդիմության՝ որպես ինստիտուտի, լռությունը։ Պետության և իշխանական արկածախնդրության մեջտեղում պետք է լիներ ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ որպես այլընտրանքային ձայն, որը կլսվեր Երևանում, Մոսկվայում, Բաքվում, Բրյուսելում, Վաշինգտոնում։ Ձայն չկա։ Ինստիտուցիոնալ լռություն։ Գոնե Հռոմի Ստատուտի նման անձնավորված զգայուն հարցով պետք է օրեր առաջ արդեն հնչեցված լիներ տիտղոսային ընդդիմության ինստիտուցիոնալ տեսակետը, որպեսզի Մոսկվայում արձանագրեն, որ Հայաստանը ՄԵԿ հոգին չէ։
Մեր խորհրդարանական գործընկերները պետք է վերանայեն աշխատանքի ոճը, տեմպը։ Խմբակցություններում կան գործիչներ, ովքեր շատ լավ հասկանում են իրավիճակը և անելիքը, բայց դա անհատական ձայնից այն կողմ չի անցնում։ Պետք է լինի մեկը, ով կաշխատացնի ընդդիմության շարժիչը, աշխատանքային առաջնորդությունը կվերցնի իր վրա։
Սա շատ կարևոր գործ է՝ պետության համար, հենց հիմա՝ դեէսկալացիայի հնարավորության համար։ Հակառակ դեպքում Հայաստանը դառնում է միաձայն, Նիկոլաձայն պետություն, որն ուղիղ ճանապարհ է դեպի աղետ։
Մեծ անտեղյակություն
Հասարակությունը չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Նույնիսկ կրթված շերտերը լավ չեն հասկանում՝ ինչո´ւ է սրում Ադրբեջանը, ի´նչ է ուզում, ինչո´ւ է կոշտացնում իր պահանջները, ինչո´ւ է իրեն վստահ զգում, ի´նչ պատմական նվեր է իր համար Հայաստանի և Ռուսաստանի՝ ծայրաստիճան սրվող հարաբերությունները։ Չի հասկանում, որ Ադրբեջանը գալիս է՝ Նիկոլի կողմից իր մաս ճանաչված Ղարաբաղի, և Նիկոլի կողմից իր մաս «ճանաչված» 8 անկլավների հետևից։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ