Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն գնում է տրորված ճանապարհով

Սեպտեմբեր 08,2023 10:00

Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց մի տեսագրություն՝ Երեւանի Մալաթիայի շրջանի ՔՊ նախընտրական շտաբի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին: Իրադարձությունն այնքան էլ «աշխարհացունց» չէր, բայց՝ շատ բնորոշ «Նոր Հայաստանի» համար: Ավելի ճիշտ կլիներ ասել, որ միջադեպն ապացուցում է, որ նոր Հայաստան գոյություն չունի՝ նույն 30 տարվա Հայաստանն է:

ԱԺԲ-ականներն իրազեկում էին իրենց հանրահավաքի մասին, եւ այդ ընթացքում ՔՊ շտաբից դուրս թռան պատկառելի տարիքի «ակտիվիստներ», որոնք քաշքշեցին ու հայհոյեցին ընդդիմադիրներին՝ կրծքով պաշտպանելով իրենց վարչապետին: Ինչպես որ դա սովորաբար լինում է, առավել ագրեսիվ «ակտիվիստը» կին էր, որը չէր զսպում իր լեզվի եւ ձեռքերի շարժումները:

Իսկ հիմա պատկերացրեք, որ 10 տարի առաջ ինչ-որ հասարակական կամ քաղաքական շարժման ներկայացուցիչներ իրազեկման երթ անեին ՀՀԿ շտաբի առաջ: Արդյոք նույնը տեղի չէ՞ր ունենա, եւ արդյոք անցյալում նման բաներ տեղի չե՞ն ունեցել: Իհարկե, չեմ կարող 100 տոկոսով պնդել, որ ՔՊ շտաբներում այժմ նստած են ճիշտ նույն մարդիկ, բայց նրանց պահելաձեւը, խոսելու ոճը, բառապաշարը մեկը մեկին համապատասխանում են ՀՀԿ-ական «տասովշչիկներին», որոնց այն ժամանակ իշխանությունը վարձում էր «ընտրական գործընթացներն» ապահովելու համար: Ավելին՝ քանի որ միջադեպը տեղի է ունեցել Մալաթիայում, բացառված չէ, որ այդտեղ հիմա ձեւավորված շտաբների աշխատանքը հովանավորում է նույն օլիգարխը, որը դա անում էր 10 տարի առաջ:

Համենայնդեպս, տեսանյութից հստակ երեւում է, որ ՔՊ ներկայիս «ակտիվիստներն» այն երիտասարդները չեն, որոնց 2018 թվականի ապրիլին տեսնում էինք Երեւանի փողոցներում՝ մարդիկ, որոնք հավատում էին, թե կարող են ինչ-որ բան փոխել: Այդ երիտասարդներից մի քանի տասնյակ հոգի դարձան պատգամավոր ու պաշտոնյա եւ արագ այլասերվեցին: Իսկ երիտասարդության հիմնական մասի դրական էներգիան որեւէ ձեւով չօգտագործվեց:

Ինչ խոսք, դա բարդ էր, պահանջում էր գիտելիքներ եւ ինտելեկտ: Շատ ավելի հեշտ է գնալ վերարտադրության տրոհված ճանապարհով, որը նախանշել էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ նույն վարչական ռեսուրսով, նույն «տասովշչիկներով», նույն օլիգարխներով: Այդպես գուցե կարելի է եւս 2-3 անգամ վերարտադրվել, բայց հեռանկարի տեսանկյունից Փաշինյանի ռեժիմը ճիշտ նույն ձեւով սպառված է, դատապարտված է, ինչպես նրա նախորդներինը: Որովհետեւ միջուկն է փտած:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ. Շ. says:

    Երկիրը պարզապէս պատրաստ չէր՝ փոխուելու: Այդքան արագօրէն, այդքան էական կերպով:

    Անհամբերութեան արդիւնքն է տեղի ունեցած Աղէտը:

    Ինչպէս «լաւատես»ը կ’ըսէ՝ ծնողք չկար:

    Կային սակայն շատ մեծ թիւով՝ արբունքի տագնապներով ապրող, տարբեր տարիքների մարդիկ:

    Այդ պարագային, երեխան կը սկսի՝ իր խաղալիքները կոտրելով:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930