Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գմբեթավոր հովանոց». վեպ ցավի, կորստի, ամուր կամքի եւ հավատի մասին

Սեպտեմբեր 08,2023 12:30

«Առավոտի» զրուցակիցը արձակագիր Մարգարիտ Դերանցն է

– Տիկին Դերանց, ձեր գրական առաջին լուրջ հայտը ե՞րբ եւ ի՞նչ գործերով եք ներկայացրել։

– Առաջին  հայտը Լոս Անջելեսում 2013 թ. լույս տեսած «Բյուրեղապակե ծաղկամանը» վիպակն է։ Այն գրել եմ գնացքում, Լոս Անջելես- Սան-Դիեգո մշտական ուղեւորությունների ընթացքում անսպասելի, ստեղծագործելու բուռն ցանկությամբ ներշնչված։ Մտածում էի կվերջացնեմ վիպակն ու կփակեմ գրելու հետ կապված ամեն պարտք ու պահանջ։ Կարծում էի՝ գրելու բուռն ոգեւորվածությունը  ընդամենը քմահաճույք է, բայց բարեբախտաբար այն շարունակվում է մինչ օրս։

Արդեն պատրաստի գիրքը նվիրեցի Կալիֆոռնիայի ԳՄ պատվավոր նախագահ, բանաստեղծ, գրականագետ Գեւորգ Քրիստինյանին, որը շատ տպավորված էր եւ թեւավորող, պարտավորեցնող հոդված գրեց «Կյանքի բյուրեղյա լույսը» վերնագրով, որը տպագրվեց Լոս Անջելեսում։ Մեր հանդիպումը ճակատագրական  էր` գրականության նվիրյալը  նշեց, որ պետք է շատ խիզախ լինել վիպակ գրելու համար, համոզեց, որ գրելը իմ  առաքելությունն է եւ պետք է հավատարիմ մնամ իմ կոչմանը։ Առաջին գիրքս  արժանացավ մեծ ընդունելության։

– Այսօր արդեն ձեր հերթական վեպն է ընթերցողի սեղանին՝ «Գմբեթավոր հովանոց» վերնագրով։ Սա կյանքի ո՞ր փուլի իրադարձությունների խտացումն է, ի՞նչն է մղել այն ստեղծելու։ Եվ ինչո՞ւ «Գմբեթավոր հովանոց»։

– Վեպի գործողությունները զարգանում են աշխարհի մեկ վեցերորդ մասը կազմող հզոր մի երկրում (ՍՍՀՄ), որն այժմ գոյություն չունի քարտեզի վրա: Այդ երկրում տեղի ունեցսան Սումգայիթի, Բաքվի ջարդերը, որը կարելի է ձեւակերպել ցեղասպանություն։ Վերոհիշյալ դեպքերից հետո, վեպի սյուժեն ներառում է Արցախյան առաջին պատերազմից մինչեւ 44-օրյա պատերազմն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հատույթը, տարբեր միջավայրերի, տարբեր բնավորությունների ու կենսագրությունների, երեւույթների՝ տարբեր դիտակետերից ընկալումների համադրմամբ վերհանում է մի ամբողջ ժամանակաշրջանի պատկեր, ինչպես գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է ձեւակերպել՝ «թիրախային ընդհանրացումներով»:

Հայրենիքի, հայի ապագայի հանդեպ խոր ապրումներից, տագնապից ծնվեց այս գիրքը, քանի որ, ինչպես մեկ այլ առիթով գրել եմ՝ «մարդը չի կարող երջանիկ լինել, երբ հիվանդ է Հայրենիքը»։

Գիրքը կազմված է տասնվեց հատվածային (ֆրագմենտալ) պատմվածքներից, որոնք մտքով, ժամանակագրական առումով, դեպքերի հաջորդականությամբ կապված են եւ լրացնում են միմյանց։ Գրքի հերոսներից մեկը իտալացի է, որը շատ է արժեւորում աճուրդից գնած իր գմբեթավոր, անտիկ հովանոցը։ Նա առիթ է փնտրում տեղի-անտեղի ցուցադրելու այն… Երբ պատահաբար իմանում են, որ իրենց հյուրընկալած հայ ճարտարապետը վախճանվել է, կինը սկսում է արտասվել, իսկ ամուսինը նրան մխիթարում է ասելով. «Քեզ հավաքի՛ր, սիրելիս։ Անծանոթ ինչ-որ լեռներում խելագար մարդիկ սպանում են միմյանց, իսկ դու այստեղ ինքդ քեզ կոտորում ես… Դու այնտեղ ոչինչ չես կորցրել»։ «Գմբեթավոր հովանոցը» խորհրդանշում է  միջազգային քաղաքականության անտարբերությունն Արցախի խնդրի, շրջափակման, արցախահայության ապագայի նկատմամբ: Ես ծագումով Արցախից եմ, ծնվել եմ Ստեփանակերտում, եւ առ այսօր ինչ կատարվում է այնտեղ, անցնում է իմ սրտի միջով։

– Տարածված կարծիք կա, որ գրականությունը ծնվում է ցավից։ Հետաքրքիր է՝ երջանկությունը ոչ մի առնչություն չունի՞ գրականության հետ…

– Այո՛, ցավը հզոր ուժ է, այն կամ կործանում է, կամ ճախրանքի, արարման թեւեր տալիս։ Այդ առումով ո՞վ է ասում, որ երջանկությունը ցավի հետեւանք չէ, ցավի սպասելիք չէ։ Կարելի է ասել՝ երջանկությունը ցավի  հետ խառնված բերկրանք է, դրա շարունակությունը։ Պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ գրականությունն ակնկալիք է վաղվա երջանկության մասին։

«Գմբեթավոր հովանոցը» վեպ է չսփոփվող ցավի ու անչափելի կորստի ողբերգականության, բայց եւ դժվարություններին դիմադրելու կամքի եւ խորը հավատի մասին։

– Համենայնդեպս վեպում իրական արժեքների մասին եք խոսել։ Իսկ ի՞նչ բնորոշում ունի այսօրվա իրականությունը։ Չմոռանանք, որ գրողը երբեմն ժամանակի անունից է խոսում…

– Կուզեք ժամանակ համարեք, իրողություն համարեք, գրողը քաղաքական գործիչ չէ, որ գրի փաստերի, թվերի վավերագրության, տարածաշրջանային տնտեսաքաղաքական  զարգացումների մասին։ Այնուհանդերձ, հաջողված գրական երկը պատմություն է կերտում, եւ կարող է ավելի ճշմարտացի  ներկայացնել այն, քան պատմության դասագրքերը։

Գրողը  ժամանակի անունից չի խոսում, այլ խոսում է  ժամանակի դեմ, ընդվզում է իրականության դեմ։ Մերօրյա գրականությունը  պետք է կռի ժողովրդի կամքն առ գալիք, ամրապնդի  հավատը, որ այսօրվա պարտությունը վաղվա հաղթանակն է։

Ինչպես մարդու կյանքում, այնպես էլ ազգերի կյանքում, պարտությունները եւ հաղթանակները շարունակական գործընթացներ են։ Մարդկային պատմության մեջ միլիոնավոր պատերազմներ են եղել, որի մի կողմը պարտվում է։  Պարզապես պարտությունը չպետք է դառնա արժանապատվության կորուստ։ Գրողը նաեւ վաղվա հույսի վերծանողն է։ Ինձ համար ժամանակը հաղթանակի տեսլականն է։ Ինչպես մեր մեծերից մեկն է ասել՝ «Ես իմն արեցի, մնացածը ժամանակի գործն է»։

– Այս վեպը գրելու ընթացքում ստեղծագործական ճգնաժամերի բախվե՞լ եք։

– Ճգնաժամի մեջ չեմ եղել, բայց ստեղծագործական տվայտանքների, դիմակայության վիճակում եղել եմ։  Եղել եմ խռովյալ վիճակում, ինչպես ցանկացած արժանապատիվ հայ, որովհետեւ քառասունչորսօրյա պատերազմից հետո  համասփյուռ հայությունը «հայտնաբերեց», որ  ինքը ոչ միայն պարտված է, այլ նաեւ խաբված…

– Տիկին Դերանց, գրողը հասարակության մասնիկը լինելով հանդերձ՝ նրա դրոշակակիրն է: Ո՞րն է այսօրվա գրողի դրոշը:

– Գրողն առաջնահերթ գաղափարակիր է, ո՛չ թե դրոշակակիր։ Նա ստեղծում է իր ներաշխարհի հիշողության դաշտը, որը գալիս է դարերի խորքից` նախապապերի, նախատատերի ճակատագրերից, տոհմի արյան հոսքից մինչեւ դարերի խորքը գնացող ժառանգական ճառագայթներից։ Գրողն իր ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի հավաքական խիղճն է։

Ու ինչքան էլ օրհասական լինի իրականությունը,  ինձ մշտապես թվում է` հաղթում է նա, ով հաստատ որոշել է հաղթել…

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930