Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղոթք միայնակ թավջութակի համար»

Սեպտեմբեր 08,2023 13:00

Արա Ասատուրյանի թատերապարային նոր ներկայացումը

Աշխարհում վաղուց ընդունված է խաղարկային ֆիլմերի արտադրությունը, որոնց սցենարի հիմքում ճանաչված որեւէ արվեստագետի կյանքն ու գործունեությունն է կամ նման անհատների կյանքից վերցրած որեւէ դրվագ։ Արտասահմանյան նման ֆիլմերի մենք էլ ենք ծանոթ՝ Մոցարտի, Պագանինիի եւ այլոց մասին։ Այդ ֆիլմերը սովորաբար մեծ հետաքրքրությամբ են ընդունվում հանդիսատեսի կողմից։ Իհարկե, մենք էլ ունենք մեր մեծերին ներկայացնող ֆիլմեր, բայց առայսօր դրանք մեկ ժանրում են՝ վավերագրական։ Ի դեպ, անդրադառնալով մեր որոշ հայտնի արվեստագետներին, քանիցս նշել ենք, որ նրանց կենսագրությունը, ստեղծագործական վայրիվերումները, դիպվածները պետք է որ կինոռեժիսորների ուշադրությունը գրավեն։ Ավելին՝ կինոյի մարդկանց հորդորել ենք  նման մարդկանց «հուշարձան» կանգնեցնել։


Ի տարբերություն կինոարվեստի, պարի ոլորտում՝ կոնկրետ բալետարվեստում, վերջին շրջանում ներկա ենք գտնվել Արա Ասատուրյանի սցենարով եւ խորեոգրաֆիայով բեմադրված Պետրոս Դուրյանին նվիրված ներկայացմանը։ Ընդ որում, բացի մեծանուն արեւմտահայ բանաստեղծից, խորեոգրաֆն անդրադարձել է նաեւ Շուբերտին, Մարինա Ցվետաեւային։

Օրերս էլ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, դարձյալ Արա Ասատուրյանի սցենարով ու խորեոգրաֆիայով, առաջին անգամ ներկայացվեց համաշխարհային ճանաչման արժանացած, անձնական կյանքում երջանիկ, բայց կարիերայի պիկին հիվանդության պատճառով իր մահկանացուն կնքած հրեա թավջութակահարուհի Ժակլին Մարի Դյուպրեին նվիրված «Աղոթք միայնակ թավջութակի համար» թատերապարային ներկայացումը։ (Ի դեպ, նրա մասին է պատմում անվանի կինոռեժիսոր Անանդ Թակերի «Հիլարի եւ Ջեկի» խաղարկային ֆիլմը՝ նկարահանված 1998թ.- Ս. Դ.)։

Տեսարաններ՝ «Աղոթք միայնակ թավջութակի համար» ներկայացումից։ Լուսանկարները՝ Մարիա Վարդանովայի

Թավջութակահարուհու կերպարը մարմնավորեց ժամանակակից պարի ոլորտում ճանաչված ու սպասված արտիստ Թագուհի Մարկոսյանը։ Կենդանի նվագով բեմում էր երիտասարդ  թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը, ում բեմադրիչը նաեւ որպես գործող անձ էր ներկայացրել։ Թավջութակահարուհու ամուսնու՝ մաեստրո Դանիել Բարենբոյմի կերպարում էր ինքը՝ Արա Ասատուրյանը։

Ներկայացման ավարտին՝ բրավոները դեռ չմարած, խորեոգրաֆը մեզ փոխանցեց հետեւյալը. «Ցանկացել եմ ցույց տալ, որ հանճարեղ մարդիկ էլ սովորական մահկանացուներ են, նրանք էլ կյանքի նույն վայելքներն ու դժվարություններն են ապրում։ Ինձ հետաքրքրել է հենց այս ձեւաչափով հանդիսատեսին հիշեցնել կամ գուցե ծանոթացնել երաժշտի թեեւ կարճատեւ, բայց բուռն կյանքին։ Ինչպես ականատես եղաք, թավջութակն էլ «գործող անձ» էր. ցանկացած բարձրարվեստ երաժիշտ իր գործիքին վերաբերվում է որպես հարազատ էակի։ Եվ դա բնական է, քանի որ կյանքի ու ստեղծագործական ցանկացած հոգեվիճակ կիսում է նրա հետ։ Ներկայացման երաժշտությունն էլ է իմ ընտրությամբ (Ասատուրյանը պրոֆեսիոնալ դաշնակահար է- Ս. Դ.)։ Ժակլին Դյուպրեի նվագացանկում ուրույն տեղ են ունեցել Էլգարի, Բրուխի, Սիբելիուսի ստեղծագործությունները եւ այս դասական երկերին հակադրել էի Գիա Կոնչելիի երաժշտությունը, որն իմ կարծիքով համապատասխանում է հերոսուհու՝ 27 տարեկանում ձեռք բերած ցրված սկլերոզ հիվանդության պատճառով ջղաձգված վիճակին, որը շարունակվեց մինչեւ 40 տարեկանը»։ Մենք էլ հավելենք, որ կյանքի վերջին տարիներին հիվանդության պատճառով նվագելու ունակությունը կորցրած թավջութակահարուհուն աննկարագրելի հոգատարությամբ խնամել է ամուսինը, չնայած իր խիտ համերգային գրաֆիկին, ով այսօր էլ ցանկալի հյուր է աշխարհի ցանկացած անկյունում։

Արա Ասատուրյանը ստեղծել է ներկայացում՝ հիանալի համադրելով մարդկային ձայնին այնքան մոտ թավջութակի տեմբրը եւ ժամանակակից պարային պլաստիկան։

Մի ակնարկ հասցրինք անել խորեոգրաֆին՝ հաջորդ տարին հոբելյանական է ձեր մոր՝ բալետի պրիմա պարուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանի համար, գուցե այն նշվի այսպիսի թատերապարային ձեւաչափով։ Մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Անկեղծ ասած՝ մտքովս անցել է…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930