Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագիտական շանտաժների շարան՝ պայթյունավտանգ փուլում

Սեպտեմբեր 08,2023 12:00

Եթե Պուտին-Էրդողան մակարդակում համաձայնություն ձեռքբերված լինի` պատժել «սադրիչ» Հայաստանին, ո՞վ է զսպելու նրանց

Պաշտոնական Մոսկվան մեկ անգամ եւս հստակ ներկայացրեց դիրքորոշումը, թե ինչպես է պատկերացնում Հայաստան-Ադրբեջան խնդիրների հանգուցալուծումն այս փուլում: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան օրերս անդրադարձավ ԼՂ շրջափակմանը, Լաչինի միջանցքի արգելափակմանը. «Այս օրերին մեր ներկայացուցիչը Բաքվում է։ Նա համապատասխան խորհրդակցություններ է նախատեսել մեր ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք գործում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ համապարփակ եռակողմ համաձայնագրերի հիման վրա։ Մենք կողմնակից ենք մարդասիրական օգնության անարգել առաքմանը ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով, եւ կոչ ենք անում չքաղաքականացնել այդ հարցը»։

Պաշտոնական Մոսկվան Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման արգելափակող կողմ ակնհայտորեն մատնանշում է հայկական կողմին: Արդեն, կարծես, հեռու չէ այն օրը, երբ Մոսկվան 2020թ. նոյեմբերի 9-ի չգործող եռակողմ հայտարարության կյանքի կոչման ձախողման կողմ կհայտարարի հենց Երեւանին: Հայաստանի ընդդիմադիրների կողմից նման գնահատականներ, ի դեպ, արդեն հնչել են:

«Երեւանը հասկանո՞ւմ է, որ ՌԴ մասին նման հայտարարություններով (խաղաղապահների կողմից իրենց գործառույթը չկատարելու վերաբերյալ) իրենք վնասում են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Հայաստանի կողմից հայտարարություններ ենք լսում, թե Ռուսաստանից կախվածությունը թույլ չի տալիս անվտանգություն ապահովել։ Պետությունը ներկայացնող մարդիկ պետք է պատասխանատվությամբ մոտենան իրենց հայտարարություններին։ Մի՞թե նրանք չգիտեն, թե Հայաստանի՝ որքան մեծաթիվ քաղաքացիների է հնարավոր եղել փրկել, այդ թվում՝ Մոսկվայի ջանքերի շնորհիվ։ Մի՞թե դրա մասին Հայաստանում չգիտեն. իհարկե, գիտեն։ Ինչո՞ւ է այդ ամենը հիմա մոռացվում։ Նրանք ուզում են վերաշարադրե՞լ պատմությունը։ Դա չի ստացվում», – վերջին ճեպազրույցում նկատել է Մ. Զախարովան։

Այնուհետեւ Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը, թե անվտանգության տեսանկյունից երկրի կախվածությունը միայն մեկ կենտրոնից ռազմավարական սխալ էր: Այս դեպքում էլ Զախարովան նշել է` սեփական արարքների համար պետք է պատասխան տալ, ոչ թե անվերջ, ցանկացած առիթով մեղավորներ փնտրել. «Պետք է կրել սեփական պատասխանատվությունը եւ մեղքը չբարդել այլ մեկի վրա: Հենց դրանում է քաղաքական գործչի, պետական գործչի տարբերությունը երկրի շահերի մասին չմտածող մարդուց: Հակառակ դեպքում դա նմանվում է վատ պարողի մասին պատմությանը»:

Անդրադառնալով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունել է այն երկիրը, որը պետք է լիներ անվտանգության երաշխավորը, Զախարովան նշել է, որ «լպիրշության նմանվող» այդպիսի հռետորաբանությունը «չի զարդարում» Հայաստանի քաղաքական գործիչներին: «Եթե նրանք ցանկանում են խոսել փորձագիտական մակարդակում, քաղաքական մակարդակում, ապա դրա համար կան հնարավորություններ, կան հիանալի կապի խողովակներ Երեւանի հետ՝ բոլոր ուղղություններով»,- ասել է Զախարովան հավելելով. «… Երբ մենք լսում ենք այդ հայտարարությունները Երեւանի կողմից այն մասին, թե Ռուսաստանից ինչ-որ կախվածությունը հնարավորություն չի տալիս ապահովել անվտանգություն… Ամեն դեպքում մարդիկ, որոնք երկիր են ներկայացնում` պետք է պատասխանատու վերաբերվեն իրենց իսկ հայտարարություններին»:

Այս ամենով հանդերձ Զախարովան առաջարկել է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին: «Մենք ցավակցում ենք Սոթք գյուղում հայ զինծառայողների զոհվելու կապակցությամբ եւ կոչ ենք անում կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն էսկալացիայի, լարվածության, առավել եւս մարդկային զոհերի»: Զախարովան նաեւ նշել է, որ այդ միջադեպը հերթական անգամ հաստատել է «Հայաստանում տնավորված» ԵՄ առաքելության «ոչ բարձր արդյունավետությունը», ապա հավելել է. «Մենք նաեւ հանդես ենք գալիս սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու օգտին, եւ այստեղ, իհարկե, գնդակն արդեն Երեւանի դաշտում է: Կազմակերպության մյուս բոլոր անդամներն այդ քայլի համար պատրաստակամություն են հայտնել»:

Մոսկվան ակնհայտորեն խուսափում է գնահատական հնչեցնել Ադրբեջանի կողմից տեւական ժամանակ արցախցիներին սովի մատնելու գործողություններին, առհասարակ` շրջափակման փաստին: Ավելին` ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի վերջին գործողությունները Սյունիքում նույնպես Ռուսաստանի ուշադրությանը չեն արժանանում:

Փոխարենը, Մոսկվան ընդգծված կերպով պաշտոնական Երեւանից ձգտում է ստանալ հավատարմության ժեստեր ՌԴ-ին, օրինակ, նրանց պատկերացմամբ Երեւանը պետք է դուրս հրավիրի եվրոպացի դիտորդներին Հայաստանից, նրանց փոխարինի ՀԱՊԿ առաքելության տեղակայմամբ:

Մյուս կողմից Մոսկվան օգտագործում է ցանկացած առիթ պաշտոնական Երեւանից բացատրություններ ստանալու: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երեւանից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման հարցով։ Ռուսաստանի իշխանությունները իրենց հետագա գործողությունները կկառուցեն՝ կախված նրանից, թե ինչպիսի պատասխան կստանան Հայաստանից, ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Հայաստանը ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը վավերացրել է 2023թ. սեպտեմբերի 1-ին: Սակայն պարզ չէ, թե արդյոք ուղարկված փաստաթղթում վերապահում կա կամ որեւէ դրույթ կա, որն առնչվում է Ռուսաստանի նախագահի ձերբակալությանը: Այս տարվա մարտին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:

Որքան էլ պաշտոնական Երեւանը հայտարարի, որ ՀՀ իշխանությունների գործողությունները ոչ մի կերպ ուղղված չեն Ռուսաստանի դեմ, եւ այդ քայլով Հայաստանը փորձելու է իր ինքնիշխան տարածքը պաշտպանել ադրբեջանական ոտնձգություններից, միեւնույն է, Մոսկվան ստացավ եւս մի առիթ Երեւանին քննադատելու:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականն էլ օրերս ուշագրավ բացահայտումներ է արել, որով պարզ է դառնում, որ Մոսկվան ակնկալում է Հայաստանի իշխանություններից Լավրովի «նոր պլանի» ընդունում:

Հոդվածում անդրադարձ է կատարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի՝ Երեւան, ապա Բաքու այցերին։ Ահա, Բաքու կատարած այցի նպատակների մասին որոշ մանրամասներ է ներկայացնում պարբերականը՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրը, որին թերթը ներկայացնում է որպես ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավված Ռուսաստանի պետական կառույցների պաշտոնյա։

«Մոսկվան փորձում է անհաշտ հակառակորդներին հաշտեցնել մաքոքային դիվանագիտության օգնությամբ»՝ նախ եւ առաջ կարգավորելու Ղարաբաղում ստեղծված հումանիտար սուր ճգնաժամը, «որպեսզի տարածաշրջանը սկսի սնունդ, դեղորայք եւ մնացած ամեն ինչը ստանալ», գրում է ռուսաստանյան լրատվամիջոցը։ Հոդվածում նշվում է՝ Խովաեւի առաքելության հաջողությունը երաշխավորված չէ. Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները վատթարանում են ամեն օր, ամեն ասված խոսքից, եւ այնուամենայնիվ շարունակում են. «Հայաստանի եւ Ղարաբաղի հայերի համար Լաչինով տարածաշրջան մատակարարումները առանցքային պահ է», – պարբերականի հետ զրույցում փաստում է ռուսաստանցի անանուն պաշտոնյան եւ ընդգծում. «Կարեւոր է, որպեսզի Ղարաբաղում պահպանվի Ադրբեջանից անջատ կյանք։ Մյուս կողմից, Բաքվին էլ պետք է «կտրել» եւ մատակարարումները միացնել ներադրբեջանական երթուղուն։ Դա կհեշտացնի ինտեգրումը, կզրկի Ստեփանակերտին իրեն պահելու հնարավորությունից։ Այս դեպքում ամեն ինչ կախված կլինի միայն Ադրբեջանից»։ Թերթի զրուցակցի խոսքով՝ Մոսկվան փորձում է համոզել հայկական կողմին ընդունել Լավրովի պլանը, ըստ որի` «բացվում է Աղդամի երթուղին, իսկ մեկ օր անց սկսում է աշխատել նաեւ Լաչինը»։

Ի դեպ, նույն պաշտոնյան նկատում է, որ Ալիեւի վարչակազմը կտրականապես մերժում է Ղարաբաղի հարցի միջազգայնացումը, քանի որ մտավախություն ունի, որ ամեն ինչ կվերադառնա անցյալի տասնամյակների դանդաղ բանակցություններին. «Փաշինյանին էլ դա է պետք, որպեսզի կարողանա ասել՝ ես այդ պատմությունը փոխանցել եմ միջազգային գործերին եւ ինձ ազատել պատասխանատվությունից»։

Իսկ ամենահետաքրքրականը, թերեւս, հոդվածի հետեւյալ տողերն են, որով ներկայացվում է Ռուսաստան-Ադրբեջան կուռ դաշինքը` ռուսաստանյան պարբերականի անանուն պաշտոնյա-աղբյուրի կողմից. «Դիրքերը դեռեւս ուժեղ են. Ռուսաստանը միակ երկիրն է, որի հետ Ադրբեջանը վարելու է երկխոսություն: Եվ ներկայության առումով Բաքուն որեւէ մեկին թույլ տալ չի պատրաստվում»։

Այսպես, Մոսկվան հրապարակային դժգոհում է ՀՀ իշխանությունների հայտարարություններից, ՀԱՊԿ-ի հասցեին քննադատությունից, ՀՀ ԱԳՆ-ից հայտարարություններից, ՀՀ ինքնիշխան տարածքում արեւմտյան դիտորդներից, Հայաստանի եւ արեւմտյան երկրների ու կառույցների շփումներից, եւ այսպես շարունակ…

Արդեն ակնհայտ է, որ ռուսական կողմի համար ցանկացած իրադարձություն պատեհ առիթ է հայկական կողմի վրա բարդելու հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների առկայության մեղքը: Վերջին նման առիթը տեղեկությունն էր այն մասին, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում եւ ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջեւ կայունացման գործողություններ։

Ու նկատենք, որ օրերս կայացավ Պուտին-Էրդողան հանդիպումը, որի հրապարակային հատվածում քննարկված օրակարգային թեմաների շարքում, թեեւ չնշվեց Հայաստան-Ադրբեջան խնդիրը, այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցություններից հետո մամուլի ասուլիսում հայտնեց, որ Հարավային Կովկասում զարգացումները նույնպես եղել են իրենց քննարկման առանցքում։ «Պուտինի հետ քննարկել ենք նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ այլ հարցեր։ Այս համատեքստում մենք գնահատել ենք վերջին զարգացումները Սիրիայում, Հարավային Կովկասում, Լիբիայում եւ Աֆրիկայում։ Մենք մինչ այժմ զարգացրել ենք մեր երկկողմ հարաբերությունները՝ հիմնված բարիդրացիության, բարեկամության եւ անկեղծության սկզբունքների վրա՝ ծառայելու մեր երկրների եւ մեր տարածաշրջանի շահերին»,- ասել է Էրդողանը։ Իսկ ռուս-թուրքական բանակցություններից մեկ օր անց արդեն Էրդողանը կառավարության նիստից հետո իր ելույթում նշեց, թե քննարկվել է նաեւ` «Կովկասում Հայաստանի սադրիչ վարքը»։

Տեղեկություններ են հրապարակվում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմաններին ու Արցախի շուրջ զորքերի ու զինտեխնիկայի կուտակումների մասին: Վերջին օրերին Բաքուն կրկին ակտիվացրել է թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» օդանավակայան, որն ունի թույլտվություն պայթուցիկ ռազմամթերքի արտահանման ու ներկրման համար։ Ըստ «Ազատություն» ռ/կ-ի`միայն օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը ադրբեջանական Silk Way ավիաընկերությունը բեռնատար ինքնաթիռներով դեպի իսրայելական այս օդանավակայան արդեն 5 թռիչք է իրականացրել՝ օգոստոսի 15-ին, 29-ին, սեպտեմբերի 1-ին, 2-ին եւ մեկ թռիչք էլ՝ սեպտեմբերի 5-ին։ Ընդ որում, սեպտեմբերի 1-ին Silk Way-ը «Օվդայից» վերադարձել է ուղիղ Ադրբեջանի Գյանջայի օդակայան, իսկ արդեն սեպտեմբերի 2-ին Իսրայել է թռչել Գյանջայից ու կրկին վերադարձել ադրբեջանական այս օդանավակայան։

Ռուս-թուրքական վերջին բանակցություններում թե որ հարցերում են Պուտինն ու Էրդողանը ընդհանուր հայտարարի եկել, եւ որ թեմաներում են տարաձայնությունները պահպանվում, առանձին քննարկման հարց է: Մի բան պարզ է, Հայաստանն այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ նրանից դժգոհ են Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան:

Հայաստանի իշխանությունների հույսն այն է, որ Արեւմուտքը կշարունակի ճնշե՞լ Ադրբեջանին… Մինչ այժմ Արեւմուտքին, գուցեեւ, հաջողվել է ճնշել Ալիեւին եւ ակնհայտ է, որ Արեւմուտքը դեռ շարունակում է ճնշումներ գործադրել:

Իսկ եթե Պուտին-Էրդողան մակարդակում համաձայնություն ձեռքբերված լինի` պատժել «սադրիչ» Հայաստանին, ո՞վ է զսպելու նրանց:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 07.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930