Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հայտարարությունն առաջացնելու է վտանգավոր եւ ծանր հետեւանքներ

Սեպտեմբեր 08,2023 13:30

Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն իրացնելու առնչությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ազգային հենքով առաջացած հակամարտությունը, որը շարունակվում է ավելի քան երեսուն տարի, ներկայումս նրա խաղաղ կարգավորումը գործող իշխանությունները ձախողել են, եւ արցախահայությունը հայտնվել է ցեղասպանության ռեալ վտանգի առաջ:

Խնդիրը կապված է պետության տարածքային ամբողջականության եւ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հետ, ուստի փորձենք դիտարկել այդ հարաբերությունները կարգավորող սկզբունքների միջազգային իրավական էությունը:

Պետության տարածքային ամբողջականության սկզբունքը

Տարածքային ամբողջականությունը դա միջազգային իրավունքի սկզբունք է, որը ինքնիշխան պետությանը իրավունք է վերապահում պաշտպանելու իր ողջ տարածքներն ու սահմանները այլ պետություններից: Սկզբունքն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 2(4) հոդվածում: Նաեւ շեշտադրված է, որ ուժի գործադրմամբ տարածքի փոփոխությունները համարվում են ագրեսիա:

Միջազգային իրավունքում հիշյալ սկզբունքը նաեւ անվանվում է «Տարածքային անձեռնմխելիություն»: Նկատենք, որ հիշյալ երկու անվանումները իմաստով միեւնույնն են, մինչդեռ նրանց իրավական բովանդակությունը տարբեր է:

Օրինակ, երբ օտարերկրյա պետության օդանավն անօրինական ներխուժում է պետության օդային տարածքը, դա դիտվում է տարածքային անձեռնմխելիության խախտում, իսկ երբ ադրբեջանական զինված ուժերը 2023թ. ապրիլին անարգել ներխուժեցին ՀՀ տարածք եւ ուժի գործադրմամբ օկուպացրին 195 կմ տարածք, այս հանգամանքը դիտվում է տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում, ագրեսիայի ձեւով:

Ի դեպ, բնական բոլոր օգտակար հարստությունները եւ պաշարները նույնպես համարվում են պետության տարածքային ամբողջականության կոմպոնենտներ, հետեւաբար, առանց թույլատրության օտարերկրյա անձանց կողմից դրանց մշակումն ու օգտագործումը նույնպես ճանաչվում է պետության տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում:

Ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունք

Ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն ամրագրված է 1945թ. ՄԱԿ-ի կանոնադրությամբ 1-ին եւ 55 հոդվածներով: Նրա վերջնական ձեւակերպումը տրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավանությանն արժանացած 1966թ. Դաշնագրով: Ըստ այդմ, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային հիմնարար սկզբունք է, որի համաձայն՝ յուրաքանչյուր ժողովուրդ իրավասու է ինքնուրույն որոշել իր պետության գոյությունն այլ պետության կազմում, կամ՝ ինքնուրույն պետության ձեւով եւ առանց խոչընդոտման ազատ եւ ինքնուրույն լուծել իր պետության համակարգը, եւ իրականացնել իր քաղաքական, տնտեսական զարգացումը:

Տարածքային ամբողջականության եւ ժողովրդի ինքնորոշման սկզբունքների միջեւ հակասություն

Պետության տարածքային ամբողջականության եւ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջեւ գոյություն ունի հակասություն: Ըստ որում՝ դա առաջանում է, երբ գործնականում իրացվում են այդ սկզբունքները:

Այդպես, պետությունը պատճառաբանում է, որ պետության ճանաչված տարածքը չի կարելի փոփոխել կամ մասնատել, քանզի դրանք կարող են հանգեցնել պետության փլուզմանը: Այս հանգամանքը հակադիր է ժողովրդի ազատ ինքնորոշման սկզբունքին, եւ երբ կողմերն անկարող են գտնվում խնդիրը խաղաղ ձեւով լուծելու, ապա նրանց միջեւ ծագում են ներքին հակասություններ, ինչը հաճախ վերածվում է զինված հակամարտության: Օրինակ, ներկայիս ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ծագած պատերազմն այդ հիմքով է:

Գերակայություն տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջեւ

Հիշյալ սկզբունքները ՄԱԿ-ի կանոնադրությամբ հիմնարար սկզբունքներ են եւ միմյանց նկատմամբ առաջնահերթություն չունեն, սակայն այդ առնչությամբ կան մասնավոր կարծիքներ: Այսպես, պետությունների իրավասու մարմինները գերակա են համարում տարածքային ամբողջականության սկզբունքը, պատճառաբանելով, որ պետության տարածքի մասնատումը կամ փոփոխությունը սպառնում է պետության փլուզմանը:

Վերոհիշյալ խնդրի առնչությամբ 1999թ. Վենետիկի հանձնախումբն ուսումնասիրել է բազմաթիվ պետությունների սահմանադրության այն դրույթները, որոնք վերաբերում են պետության տարածքային փոփոխմանը: Հանձնախումբը պարզել է, որ մի շարք պետությունների սահմանադրություններն արգելում են տարածքների փոփոխումը, որոշ պետություններ տարածքի փոփոխման հարցը համարում են սահմանադրական փոփոխությունների կամ ներքին ինքնորոշման միջոցով: Այսինքն, ժողովուրդն իր քաղաքական համակարգը, քաղաքային եւ տնտեսական զարգացումը կարող է իրականացնել տվյալ պետության կազմում: Հանձնախումբը կարծիք է հայտնել, որ ներկայումս նախընտրելի է ինքնորոշման «ներքին» ձեւը, այսինքն, տվյալ պետության կազմը:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումները

Նկատենք, որ դեռեւս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, նրա գրագետ եւ հեռատես դիվանագիտության շնորհիվ Արցախի հակամարտության խնդրի խաղաղ կարգավորումը վերապահվեց ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ համանախագահներին կամ՝ այդ նպատակով ստեղծված՝ Մինսկի հանձնախմբին:

Հիշյալ ձեւաչափի գործառույթները կամ քննարկման առարկան եղել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հարցերը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին բոլոր իշխանությունները Մինսկի ձեւաչափում եւ այլ միջազգային կառույցներում Արցախի ինքնորոշման հարցի քննարկումների ժամանակ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքով՝ անվերապահ պաշտպանել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Ադրբեջանից անջատվելու ձեւով եւ երբեւէ չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (նախկին խորհրդային Հայաստանի ղեկավարները նույնպես ձգտել են Արցախն անջատել Ադրբեջանի կազմից, բացառությամբ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի առաջին քարտուղար, ազգին դավաճան ճանաչված Կեւորկովից):

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Արցախի հիմնախնդրի կարգավորումը մտավ նոր փուլ: Վարչապետը սկզբում տեղեկացրեց, որ խնդրի կարգավորումը սկսելու է «իր կետից», այնուհետեւ հայտարարեց. «Արցախը Հայաստան է եւ վերջ», դա նշանակում էր, որ նա պաշտպանում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Ադրբեջանից անջատվելու ձեւով:

Իսկ երբ տգետ ու անհեռատես, ներքին ու արտաքին քաղաքականության պատճառով հրահրվեց 44-օրյա պատերազմը, եւ վարչապետը վավերացրեց, նոյեմբերի իննի անվերապահ կապիտուլյացիայի ակտը, որով թշնամուն զիջեց Արցախի կողմից ազատագրած տարածքները, այդ թվում առանց փամփուշտ կրակելու նաեւ Լաչինի, Քարվաճառի, Ակնայի շրջանները, որոնք Արցախը ցամաքային սահմաններով միացնում էին Հայաստանին, նա եւ իր ղեկավարած վարչախումբը ուրացան Արցախի ինքնորոշման իրավունքը եւ Արցախը փաստացի հանձնեցին Ադրբեջանի վերահսկողությանը կամ թողեցին նրա սահմաններում:

Այնուհետեւ երեք տարի անց, մայիսին վարչապետը Բրյուսելում անակնկալ հայտարարեց, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը թողնվում է Բաքվի եւ Ստեփանակերտի հայեցողությանը կամ՝ երկխոսությանը: Դրանով, Նիկոլ Փաշինյանը կերպարանափոխվեց եւ այս դեպքում էլ պաշտպանեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը Ադրբեջանի կազմում կամ՝ նրա սահմաններում «ներքին» տարբերակը:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն «իր կետից» սկսելով՝ Արցախի խնդրի կարգավորումը արձանագրեց.

ա/ Վավերացրեց 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտը, եւ թշնամուն հանձնեց ազատագրված բոլոր տարածքները, Արցախի տարածքի զգալի մասը, եւ Արցախն անջատելով Հայաստանից՝ թողեց Ադրբեջանի վերահսկողության ներքո կամ նրա սահմաններում շրջափակման մեջ:

բ/ 2023թ. մայիսին Բրյուսելում հայտարարեց, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, որով իրավական առումով, հաստատեց Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժանելի մասը լինելու փաստը կամ՝ թուրք-ադրբեջանական վաղեմի երազանքը:

Տեղի ունեցածն ազգադավ գործողություն է կամ ծանր հանցագործություն հայ ժողովրդի նկատմամբ: Իսկ որպես ինքնուրույն արգելված արարք համընկնում է «ՀՀ քրեական օրենսգրքի» 441 հոդվածով նախատեսված հանցագործության կազմի հատկանիշներին՝ «Պաշտոնատար անձի կողմից…լիազորություններն անցնելը»:

Հիմնավորում: Արցախի կամ նախկին Խորհրդային միության սահմանադրությամբ ամրագրված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ժողովուրդը իրեն ազատ ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով իրացրել է 1988թ.-ին եւ հռչակվել ինքնուրույն հանրապետություն: Հետեւաբար, Արցախի տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելը՝ գործողությունը չի բխում կամ դուրս է ՀՀ վարչապետի լիազորություններից (նա այդպիսի մանդատ չունի, ՀՀ սահմանադրության 152-րդ հոդված):

Վարչապետի հիշյալ հայտարարությունն առաջացնելու է վտանգավոր եւ ծանր հետեւանքներ

ա/ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ նրա կարգավիճակի հարցը ինքնըստինքյան դառնում է Ադրբեջանի ներքին գործը, ըստ այդմ, վերջնականապես դադարում է Մինսկի հանձնախմբի գործունեությունը (քննարկման առարկան սպառվեց), իսկ միջազգային այլ կառույցները, պետությունները, այդ թվում՝ ՌԴ-ն, ով Արցախում իրականացնում է խաղաղապահ առաքելություն, եւ կրում պարտականություններ, չեն կարող միջամտել Ադրբեջանի ներքին գործերին:

բ/ Միջազգային կառույցները այսուհետ ձեռնպահ կմնան Արցախի կարգավիճակի հարցի եւ Ադրբեջանի այլ սադրիչ գործողությունների վերաբերյալ դեկլարացիա, ուղերձ, որոշում ընդունելուց:

գ/ Հայտարարությամբ, կամ վարչապետի օժանդակության հիմքով Ադրբեջանի կողմից բնապահպանության հիմքով Արցախի տարածքի շրջափակումը, նրա քաղաքացիների առեւանգելը եւ այլն, կդիտվեն իրավաչափ:

դ/ Կմեծանա Արցախ ներխուժելու վտանգը:

Ահա, թե ինչի է հասցնում, երբ պետությունը եւ նրա համակարգերը ղեկավարում են համապատասխան որակյալ կրթություն, մասնագիտական փորձ չունեցող եւ դիվանագիտական ունակությունից զուրկ անձը կամ՝ անձինք:

Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ
07.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930