Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան․ «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրական կյանքում, այլեւ պատմության մեջ իմ ճանաչած ամենապատեհապաշտ գործիչն է, որը պատրաստ է ըստ առիթի փոխել համոզմունքը»

Սեպտեմբեր 07,2023 23:50

Ազատության հրապարակում այսօր հրավիրված հերթական հանրահավաքում ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը ներկաներին երեկ ԱՄՆ կոնգրեսի լսումներում քննարկման արժանացած Հայաստանին առնչվող հարցերին ծանոթացնելուց առաջ անդրադարձավ ներքաղաքական մի իրադարձության։, որն արտաքին քաղաքական ուղերձ ունի։

«Դա Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վարքի կտրուկ փոփոխությունն է այս երկու օրվա ընթացքում։ Մի մարդ, որը Լադիմիր Լադիմիրովիչի անունով էր երդվում եւ մեզ՝ ԱԺԲ-ին, փնովում, պախարակում էր անընդհատ, հանկարծ սկսել են ասել այն, ինչ մենք տարիներ շարունակ ենք ասում։ Ես անձամբ չեմ հավատում այդ մարդուն, որովհետեւ նա չունի որեւէ սկզբունք, որեւէ հավատք, ինչպես ինքն է ասում, «իզմ» չունի։ Ինքը պատեհապաշտ է։ Ոչ միայն իրական կյանքում, այլեւ պատմության մեջ իմ ճանաչած ամենապատեհապաշտ գործիչը, որը պատրաստ է ըստ առիթի փոխել համոզմունքը։ Եվ ամենակարեւորն այն չէ, որ մենք իրեն չենք հավատում։ Իրեն չեն հավատում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում հենց ստախոսության ու խաբեբայության համար։ Ինքը, զգալով, որ այլեւս Պուտինից չունի աջակցություն, հիմա ուզում է Պուտինի գրկից թռնել ու նստել ուրիշների գրկերը։ Շատ քիչ է, շատ ուշ է։ Արդեն ինքն էլ, իր թիմն էլ հասկանում են, որ նա այլեւս գնացող է։ Եվ գնալու է շատ մոտ ապագայում»,- ասաց Արա Պապյանը ու անդրադարձավ կոնգրեսի լսումներին, որոնցից առանձնացրել է իր իսկ գնահատմամբ  հինգ առանցքային հարց։

«Մարդիկ հաճախ չեն հասկանում, թե ինչ կարեւորություն ունի կոնգրեսը։ Մարդկանց թվում է, թե այն մեր խորհրդարանի նման մի ինչ-որ բան է, որը տվյալ դեպքում վարչապետին կից ինչ-որ մարմին է։ Ոչ, ըստ սահմանադրության եւ եղած նախադեպերի, կոնգրեսի լսումները հատկապես մարդու իրավունքների հարցում խիստ կարեւոր են։ Գործադիրը գործադրում է կոնգրեսի որոշումները։ Եվ պատահական չէր, որ երեկ հնչեցին մտքեր, որ արդեն պետք է դիմել ԱՄՆ նախագահին՝ հստակ ժամկետներ նշելով, պահանջ դնելով Ալիեւի առջեւ։ Եվ չկատարվելու դեպքում Ալիեւը պետք է համարվի արդեն որպես ցեղասպանություն իրականացնող։

Առաջին եզրակացությունն այն է, որ երկու վկաները, որ խոսում էին, մեկը՝ միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն,  մյուսը՝ Դեյվիդ Ֆիլիպսը նշում էին, որ տեղի է ունենում ցեղասպանություն, ինչը միջազգային իրավունքի հանցակազմ է։ Եվ սրա համար կա պաշտպանելու պարտավորություն, որ ԱՄՆ-ը վավերացրած լինելով այդ սկզբունքները եւ հենց Բայդենը ճանաչած լինելով Հայոց Ցեղասպանությունը, պիտի կանխեն երկրորդ ցեղասպանության հնարավորությունը։ այնտեղ միանշանակ նշվեց, որ Ալիեւը անձամբ պատասխանատու է ցեղասպանության համար։

Երկրորդ։ Հարց բարձրացվեց ռուս խաղաղապահների առկայության մասին եւ նրանց Ադրբեջանի հետ միասին հավասարաչափ պատասխանատու նկատեց այնտեղ։ Եվ հնչեց երկար տարիներ մեր բարձրաձայնած տեսակետը, որ միջազգային խաղաղապահ ուժեր պիտի տեղակայվեն։ Սա եւս պետք է լինի պետքարտուղարին եւ նախագահին ուղարկվելիք նամակ առաջարկների մեջ։ Ալիեւը միջազգային քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի միջազգային քրեական դատարանի կողմից։

Հաջորդը։ Նշվում է, որ եթե  երկար պետք է ձգձգվի, իսկ մեկ ամիս չեն կարող սպասել, գոնե Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանին եւ հայերին բավարար չափով միջոցներ տրամադրել՝ նկատի ունենալով նաեւ ինքնապաշտպանության համար տրվող զենքը։

Եվ վերջինը, որին կուզենամ անդրադառնալ, Դեւիդ Ֆիլիպսի կողմից, որը հայտնի գիտնական եւ փորձագետ է, հնչեցրած միտքն է, որը վերջին շրջանում ավելի է շոշափվում ամերիկյան ղեկավարության եւ քաղաքագետների շրջաններում, այն է, որ Թուրքիան այլեւս դաշնակից չէ Միացյալ Նահանգներին, որ տարածաշրջանում պետք է այլ դաշնակիցներ որոնել, որոնց հետ միասին կարելի է ստեղծել ժողովրդավար երկրներ, որոնք չունեն կայսերապաշտական նկրտումներ եւ ուրիշների տարածքների վրա աչք չեն դնում։ Մենք ուրիշներից որեւէ մեկի հողեր չենք ուզում, մեր ուզածը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն է, այն տարածքը, որը միջազգայնորեն ճանաչվել է որպես Հայաստանի Հանրապետության տարածք, որը անօրինական կերպով տրվել է Ադրբեջանի վարչական ենթակայության ներքո եւ ՍՍՀՄ տրոհումից հետո պետք է վերականգնվեր արդարությունը։ Այնպես որ, ես ուզում եմ ասել, որ մեծ փոփոխություններ են տեղի ունենում եւ ես հույս ունեմ, որ շուտով մենք այդ փոփոխությունները կտեսնենք Հայաստանում՝ Արցախը ներառյալ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930