Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերաբերվեք սոցհարցումներին՝ որպես քարոզչագործիք, դրանք բոլորովին չեն արտացոլում իրականությունը». Մանե Թանդիլյանը՝ «Gallup International Association»–ի հարցումների մասին

Սեպտեմբեր 07,2023 22:22

«Արաբկիրում մարդիկ հաճախ աղմուկից են բողոքում, որովհետեւ շատ բնակելի շենքեր կան, չենք կարողանում խոսել, լսել իրար: Աղմուկն անդադար անհանգստացնում է: Այստեղ աղբահանության խնդիրներ կան, բակերի բարեկարգման, թափառող շների»,- Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:

Նա նշեց, որ այս բոլոր խնդիրները, որ բնակիչները բարձրաձայնում են, համակարգային լուծման անհրաժեշտություն ունեն: Թանդիլյանը խոսեց շենքերի սեյսմակայունության մասին՝ ասելով. «9 բալ երկրաշարժի պարագայում շենքերի 80%-ը Երեւանում փլուզման ենթակա են: Մենք հասկանում ենք, որ պարտավոր ենք մարդկանց անվտանգության խնդիրները լուծել»:

Հարցին՝ այսօր «Gallup International Association»–ը հրապարակեց սոցհարցման տվյալները, ըստ որի, «Ապրելու երկիրը» 4-րդ տեղում է, որքանո՞վ եք դա իրատեսական համարում՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Ամենայն հարգանքով, բայց «Գելափն» այն կազմակերպությունն է, որն ապացուցել է, որ իրեն ոչ միայն չպետք է հավատալ, մենք հիշում ենք 2021-ին նույն «Գելափի» հրապարակած արդյունքները, երբ ճիշտ հակառակը տեղի ունեցավ: Բոլոր հրապարակվող սոցհարցումները քարոզչական նպատակ ունեն: Երբ ես ձեզ բուկլետ եմ տալիս, քարոզ եմ անում, կան մարդիկ, որոնք քարոզ են անում՝ հրապարակվող սոցհարցումների միջոցով: Մենք անում ենք ներքին սոցհարցումներ, մենք դա անում ենք պարբերաբար, որ տեսնենք՝ արդյոք ճի՞շտ ուղղությամբ ենք գնում, մարտավարությունը դիտարկելու համար եւ մենք գիտենք իրական պատկերն ինչպիսին է: Այնպես որ մեր հայրենակիցներին պիտի ասեմ՝ վերաբերվեք այդ սոցհարցումներին՝ որպես քարոզչագործիք եւ արդեն որոշողը դուք եք՝ ում եք ընտրում եւ ինչի համար, դրանք բոլորովին չեն արտացոլում իրականությունը»:

Հարցին՝ քաղաքացիների հետ շփման արդյունքում ի՞նչ ուղերձ են ստանում՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Կոնսենսուս կա մի հարցի շուրջ՝ այս իշխանությունները պետք է գնան, նախկինները պիտի չգան: Մարդիկ դժգոհ են թե՛ նախկինում կատարվածից, թե՛ այսօրվա իրավիճակից: Մենք մարդկանց ասում ենք, որ նախկինին վերադարձ չի լինելու եւ ներկան փոխելու միջոց ենք առաջարկում»:

Մանե Թանդիլյանը նաեւ նշեց, որ այսօր մտահոգիչ է թմրամոլությունը, ահազանգեր են ստանում ծնողներից, որ դպրոցներում է այն տարածվում, ինչպես նաեւ տելեգրամյան ալիքներով. «Այս սարսափը պիտի կանգնեցնել օր առաջ, որովհետեւ այս տագնապը մտել է արդեն մարդկանց տներ, բակեր: Ոչ միայն քաղաքապետարանը, իրավապահ մարմինները պիտի գործ անեն, այլեւ համայնքը միասնական պիտի պայքարի սրա դեմ, նաեւ՝ քաղաքապետարանը: Այն ունի վարչություն, որի գործառույթի մեջ է մտնում վերահսկել բնականոն ընթացքը դպրոցի: Սա լիովին դուրս է բնականոն գործունեություն լինելուց: պիտի սրա դեմն առնել, որովհետեւ դառնում է ազգային անվտանգության խնդիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930