Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Արցախի հարցը հնարավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով, միայն թե բանակցողին փոխել է պետք»․ ՀՅԴ-ական պատգամավոր

Սեպտեմբեր 07,2023 22:11

Aravot.am-ն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր,ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է աշխատելու Ազգային ժողովում, որտեղ մթնոլորտը լարված է, անհարգալից վերաբերմունք կա միմյանց հանդեպ, երբեմն նիստերն ուղեկցվում են վիճաբանություններով, ծեծկռտուքներով։ Հնարավո՞ր է արդյոք նման պայմաններում հոգսաշատ Շիրակի մարզի հարցերը բարձրաձայնել։

«Գրեթե 4 տարի է՝ մեր կուսակցության գրասենյակում գործում է քաղաքացիների ընդունելություն։ Այս տարիների ընթացքում գույքագրել ենք խնդիրները՝ թե՛ գրասենյակում քաղաքացիների հետ շփվելիս, թե՛ մարզի տարբեր համայնքներ այցելությունների ընթացքում։Հանդիպել ենք, զրուցել ենք, ինչ հնարավոր է եղել, մարզում լուծում է տվել կուսակցական մարմինը, ինչ հնարավոր չի եղել, փոխանցել ենք Ազգային ժողովի մեր ֆրակցիայի գործընկերներին։ Բայց հիմա ես եմ փորձելու այդ ամենը բարձրաձայնել Ազգային ժողովում։

Բնականաբար մենք իշխանական ֆրակցիա չենք ներկայացնում, հարցերի լուծման համար իշխանական լծակներ են պետք, բայց փորձելու եմ անպայման այդ հարցերը բարձրացնել, փոխանցել հասցեատերերին և հետևողական լինել, որ լուծումներ ստանան։

Բնական է, որ Ազգային ժողովում մթնոլորտն աշխատանքային չէ, որովհետև կառուցողական իշխանություն չէ, չեն էլ ուզում կառուցողական լինել, որովհետև 2018 թվականի կեղծ իշխանափոխությունից հետո ինչ խոստումներ տվեցին ՀՀ քաղաքացիներին, կարելի է ասել` ոչ մեկն էլ կյանքի չկոչեցին։

Ու փորձում են ոչ աշխատանքային մթնոլորտ ստեղծել, որպեսզի շատ հարցերից խուսափեն և պատասխանատվությունը էլի գցեն նախկինների, ռուսների, ում վրա ասես, բացի իրենցից, որ իրենք մեղավոր չեն Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի համար»։

Մեր հարցին՝ պատգամավոր եք դառնում օրհասական պահի․ Արցախը շրջափակված է, Հայաստանում էլ տիրող մթնոլորտը լարված է, ի՞նչ ելք եք տեսնում, պատգամավորը պատասխանեց․ «Պիտի արձանագրել, որ տիրող իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է և նրա ղեկավարը։ Ես վստահ եմ, եթե չլինեին նրանք, Արցախում և Հայաստանի Հանրապետությունում նման իրավիճակ չէր ստեղծվի։

Ինչքան էլ քննադատեն, փորձեն թիրախավորել նախկին իշխանություններին, նախկին նախագահներին, համենայնդեպս այսպիսի լուրջ անվտանգային խնդիրներ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել և նման նվաստացուցիչ պայմաններ Հայաստանի Հանրապետության համար չի ստեղծվել։

Մենք հաղթանակած բանակ ենք ունեցել, բայց այսօր բանակը բերել-հասցրել են մի այնպիսի իրավիճակի, որ խնդիրներն ահավոր շատ են, չեն էլ փորձում բանակի համար որևէ խնդիր լուծել։

Իսկ Արցախի խնդրի լուծում կարող է լինել այն դեպքում, երբ ՀՀ-ում իշխանություն փոխվի, որովհետև ուժեղ բանակցող է պետք։ Ես վստահ եմ՝ դիվանագիտական ճանապարհով հնարավոր է խնդիրներին լուծում տալ։

Ուժեղ պատասխանատու անձնավորություն է պետք, ով ազգային մտածելակերպ կունենա և բացառապես կշարժվի ազգային շահերից ելնելով»։

Մեր դիտարկմանը, թե ընդդիմության մեղավորությունը չե՞ք տեսնում․ քննադատություններ հնչում են նաև ընդդիմության հասցեին առ այն, որ թույլ է, չի կարող այնպես անել, որ իշխանությունը սթափվի։ Նույնիսկ կարծիքներ են հնչում, որ փոխհամաձայնեցված են գործում իշխանությունն ու ընդդիմությունը։

«Շատ-շատ է մամուլում այդ հարցը քննարկվել, որ ընդդիմությունն ու իշխանությունը իրար հետ համագործակցաբար են գնում, ընդդիմությունը լեգիտիմացնում է, երկարացնում է Փաշինյանի իշխանությունը, բայց բամբասանքների մակարդակից առաջ չեն գնում։

Ընդդիմությունը միշտ էլ պայքարել է թե՛ «Հայրենիքի փրկության» շարժման, թե՛ «Դիմադրության» շարժման միջոցով, ամիսներով մենք փողոցներում էինք, պայքարում էինք, ու շատ-շատերը, ովքեր որ այսօր թիրախավորել են ընդդիմությանը, թե գործ չեն անում, անցած տարի այդպես էլ չբարեհաճեցին գալ փողոց, պայքարել, ներկա գտնվել այդ պայքարին, տեսնել՝ վերջը ինչով է զբաղվում։

Ընդդիմությունը պասիվ չէ, գործիքակազմի, գործելաոճի խնդիր կա, որը հիմա քննարկվում է։ Եվ դեռ առիթ կունենաք թե՛ Ազգային ժողովում, և թե՛ մնացած հարթակներում տեսնել ընդդիմության քայլերը»,- ասաց մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930