Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարգիս Խանդանյան․ «Եթե ինձ եք հարցնում, Հռոմի ստատուտը ԱԺ-ն պետք է վավերացնի»

Սեպտեմբեր 07,2023 22:33

ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե Հռոմի ստատուտը Ազգային ժողովը պետք է վավերացնի։ Նա նաեւ պատասխանել է, լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի։

-Հայաստանից անընդհատ քննադատություններ են հնչում Ռուսաստանի հասցեին, այնտեղից էլ կոշտ արձագանքները չեն ուշանում։ Այստեղ դուք վտանգներ չէ՞ք տեսնում եւ լարված հարաբերությունները Ռուսաստանի հետ որքանո՞վ են մեր օգտին։

-Բովանդակության տեսակետից որեւէ նոր բան չկա։ Այն հարցադրումները, որոնք մենք ունեցել ենք ՌԴ-ին, շարունակում են ակտուալ մնալ։ Իսկ այդ հարցադրումներն են թե Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված խաղաղապահ զորախմբի գործունեությունը եւ թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ կապված ադրբեջանական ագրեսիային ռուսական կողմի եւ ՀԱՊԿ-ի արձագանքը։ Ուստի, բովանդակային տեսանկյունից եղել է փաստերի արձանագրում, որը ամիսներ շարունակ արվել է։

-Երկկողմանի վիրավորանքներ են հնչում։

-Ես չեմ կարծում, որ վիրավորանքները երկկողմանի են։ Ես կարծում եմ, այն մարդիկ, որոնք պատասխանատու են դիվանագիտական աշխատանքի համար եւ պետք է պատշաճ դիվանագիտական լեքսիկոն ցուցաբերեն իրենց գործունեությունը իրականացնելիս, չեն կարողացել դա անել։

-ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչին հետ կանչելուց եւ դեսպան նշանակելուց հետո նոր նշանակման մասին որեւէ նոր տեղեկություն չկա։ Կա՞ որոշում, թե ով է փոխարինողը եւ ինչու մինչեւ հիմա չի նշանակվում։

-Այդտեղ տեխնիկական ընթացակարգեր չկան, իսկ ես չունեմ ինֆորմացիա՝ արդյոք կա՞ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու թեկնածու եւ չեմ կարող ժամկետների մասին որեւէ բան ասել։

-Հռոմի ստատուտի շուրջ քննարկումներ կա՞ն եւ ի՞նչ որոշման եք հանգել։

-Ստատուտն արդեն խորհրդարանում է եւ կան ժամկետներ, որոնք պետք է հոսեն։ Այդ ընթացքում մենք կունենանք քննարկումներ խմբակցության մակարդակում, նաեւ հանձնաժողովում պետք է հարցը քննարկվի։ Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ես կարծում եմ, որ պետք է վավերացվի Հռոմի ստատուտը։

 

Սարգիս Խանդանյանը անդրադարձավ նաեւ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու խնդրին։ «Հայաստանի տարածքում զորավարժություններ անցկացնելը Հայաստանի սուվերեն որոշումն է։ Ես հասկանում եմ, որ տարբեր կողմեր կարող են անհանգստություն ունենալ եւ դժգոհություններ հայտնել։ Բայց կրկնում եմ, դա Հայաստանի սուվերեն որոշումն է։ Դուք գիտեք նաեւ զորավարժությունների բնույթի մասին։ Դրանք ուղղված են միջազգային խաղաղապահ ծառայություններում հայ-ամերիկյան փոխգործակցությունը բարելավելուն, որ պետք է տեղի ունենան հաջորդ շաբաթ։

ՔՊ պատգամավորի խոսքով, Հայաստանը ակնկալում է, որ միջազգային հանրությունը եւ այն երկրները, որոնք ունեն լծակներ, պետք է մեծացնեն ճնշումը Ադրբեջանի վրա եւ թույլ չտան հերթական պայթյունը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը թե Լեռնային Ղարաբաղի, թե Հայաստանի շուրջ սահմանների երկայնքով լրացուցիչ ուժեր է մոբիլիզացնում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930