«ՀՀ-ում ոչ մի անգամ չեմ հանդիպել ճշգրիտ հարցման․ միշտ արդյունքներն այլ են լինում, ինչ հարցումները»,-Aravot.am-ի փաստմանը՝ «Gallup International Association»-ի հարցման արդյունքներով՝ Հայկ Մարությանը 2-րդ հորիզոնականում է և հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցումներին, Էրեբունիում բակային հանդիպումների ժամանակ այսպես պատասխանեց Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Հիշեցնենք՝ «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրապարակել էր իրենց կատարած հարցումների արդյունքները, թե որ քաղաքական ուժին կամ դաշինքին են պատրաստվում երևանցիներն ընտրել Երևանի ավագանու ընտրություններին։ Ըստ արդյունքների՝ 1-ին հորիզոնականում է ՔՊ-ն (16,3% ), 2-րդում ՝ «Ազգային առաջընթաց»-ը, որի թեկնածուն Հայկ Մարությանն է (11,8%), 3-րդ տեղում «Մայր Հայաստանն» է, 4-րդում՝ «Ապրելու երկիր»-ը։
Ըստ Հայկ Մարությանի՝ հարցումները ճշգրիտ պատկեր չեն արտացոլում, քանի որ մի դեպքում ոչ պրոֆեսիոնալ են աշխատում, կամ քաղաքական պատվեր են կատարում, մեկ այլ դեպքում ուղղակի պատվեր են կատարում գումար աշխատելու համար․ «Ցավում եմ դրա համար։ Ամենալավ արդյունքները կհրապարակի ԿԸՀ-ն՝ սեպտեմբերի 17-ին»։
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ որո՞նք են լինելու այդ արդյունքները, շարունակո՞ւմ է պնդել, որ իրենք են լինելու առաջինը, Հայկ Մարությանն արձագանքեց․ «Մենք սպասում ենք ժողովրդի քվեին։ Ժողովուրդը կորոշի։ Ոչ մեկը չի կարող պնդել, պնդում է միայն ժողովուրդը»։
Մեր դիտարկմանը՝ Տիգրան Ավինյանը մետրոյի կայարան է խոստանում կառուցել, Մանե Թանդիլյանն ու իր քաղաքական ուժը՝ ճոպանուղի և հարցին՝ Դո՞ւք ինչ եք խոստանում երևանցիներին՝ ծրագրերից կարծես քիչ եք խոսում, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Մեր բոլոր ծրագրերի մասին երևանցիները գիտեն, մեր բոլոր ծրագրերի շարունակությունն է։ Իսկ եթե ուզում եք ծրագրերին ավելի մանրամասն ծանոթանալ, կուսակցության կայքէջում ծավալուն փաստերով և օրենքներով ամրագրված լրջագույն ծրագիր է դրված։ Ամենակարևորը երևանցիների համար էկոլոգիան է, երկրորդը՝ անվտանգությունը․ մնացած բոլոր թեմաներն ածանցյալ են, դրանցից բխող»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ