Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. ԱՄԷ-ը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը

Սեպտեմբեր 07,2023 21:55

Սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակցիները գոհունակությամբ արձանագրել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա պատմության ընթացքում երկու երկրների միջև ձևավորվել է ամուր և դինամիկ կերպով զարգացող համագործակցություն՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների ավանդապես ջերմ կապերի վրա: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԱՄԷ-ը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը՝ պատրաստականություն հայտնելով համատեղ ջանքերով շարունակել տարբեր բնագավառներում փոխշահավետ երկխոսությունը:

Անդրադառնալով երկկողմ քաղաքական երկխոսության խորացմանը և համագործակցության կայուն առաջընթացի ապահովմանը՝ ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։

Երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման և ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման համատեքստում նշվել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության նշանակությունը: Նախարարներն ընդգծել են նաև, որ երկու երկրների միջև շաբաթական շուրջ 30-ի հասնող ուղիղ չվերթներն էականորեն նպաստում են երկկողմ գործարար կապերի, զբոսաշրջության, մշակութային և ապակենտրոնացված համագործակցության բնագավառների ակտիվացմանը: Այս առումով գոհունակությամբ նշվել է նաև առաջիկա օրերին Երևանում հայ-էմիրաթական գործարար ֆորումի անցկացումը: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են նաև բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբերանվտանգության, նորարարության բնագավառները: Քննարկվել է նաև երկկողմ օրակարգում հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտների ներառումը:

ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանն իր էմիրաթցի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը և հայկական կողմի տեսլականը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու ուղղությամբ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ շուրջ 9 ամիս տևող  ապօրինի արգելափակմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն առերեսվում է արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի հումանիտար ծանր մարտահրավերների, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի կողմից խնդրո առնչությամբ կայացված երկու որոշումների՝ Ադրբեջանի կողմից   իրականացման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930