Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Արտաքին լսարանի հետ աշխատող ադրբեջանցի պաշտոնյաները՝ Հիքմեթ Հաջիևը, Ջեյհուն Բայրամովը, Էլչին Ամիրբեկովը արդեն քանի օր է, ինչ հարցազրույցներ են տալիս միջազգային տարբեր լրատվականներին՝ փորձելով ցույց տալ, թե իբրև Ադրբեջանը շատ կառուցողական է և միտված է խաղաղության: Ակնհայտ է, որ սա տարբեր միջազգային լրատվականներում հրապարակվող նյութերի արձագանքն է: Շատ հայտնի պարբերականներ պարզ գրում են, որ Ալիևի քաղաքականությունը ցեղասպանության տարրեր է պարունակում: Իսկ Ալիևը չի ցանկանում մտնել այդ պիտակի տակ:
Կուզեմ անդրադառնալ վերոնշյալ պաշտոնյաներից յուրաքանչյուրի հարցազրույցի մի շարք հատկանշական հատվածներին:
Հաջիևը «Արաբ նյուզին» տված իր հարցազրույցում ասում է, որ Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից: Սա նոր թեզ չէ, առաջին անգամ սրա մասին խոսել է Ալիևը: Ո՞րն է այս թեզի նպատակը: Նպատակն այն է, որ Հայաստանը բարոյական հարթակում ընդունի, թե իբր եղել է «ագրեսոր» ու «օկուպանտ»: Դրանից հետո արդեն կլինի «ներողության» իրավական կողմը՝ իր ֆինանսական հետևանքներով: Նախ, Հայաստանին երբեք որևէ մեկը, բացի Ադրբեջանից, Թուրքիայից ու Պակիստանից «օկուպանտ» չի համարել: Անգամ ադրբեջանամետ հետազոտողներն են հարկադրված եղել ընդունել, որ վիճակը լարվել է Սումգայիթի ջարդերից հետո: Ես չեմ ուզում վերաշարադրել հակամարտության ողջ պատմությունը, բայց Արցախում, Հայաստանում, Սփյուռքում ապրող հայերը զենք են վերցրել ու եկել Արցախ մի նպատակով՝ թույլ չտալու նոր ցեղասպանություն:
Կարդացեք նաև
Մեկ այլ դրվագով Հաջիևն ասում է, որ ինքը կարդացել է հայկական դասագրքերը, իբրև մեզ մոտ ատելություն է քարոզվում: Հայկական դասագրքերում ոչ միայն ատելություն չկա, այլև անգամ արցախյան հակամարտության պատմությունը պատշաճ չի ներկայացվել, անգամ իմ ուսանելու տարիներին: Դա մեծ բաց է եղել ու շարունակվում է այդպիսին մնալ:
Մինչդեռ ադրբեջանական դասագրքերում, անգամ մաթեմատիկական խնդիրներն են հայերին սպանելու մասին:
Հաջիևը «մոռանում է», որ ինքը ներկայացնում է մի պետություն, որտեղ քնած հային կացնահարողը նախագահի կողմից հերոսացվում ու անգամ թոշակ է ստանում այդ արարքի համար: Մի երկիր, որտեղ անցած տարվա սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հայ կին զինծառայող են մասնատել ու հետո տեսանկարել դա: Մի երկիր, որի ղեկավարը արդեն երկու տասնամյակ է՝ թիրախավորում է հայ ժողովրդի արժանապատվությունը՝ անվանելով «փախնող շներ», «ճագարներ» «սատանաներ» և այլն: Ի վերջո, նա մի պետության ներկայացուցիչ է, որի ղեկավարը հայտարարել է, որ իր կյանքի առաքելությունը եղել է պատերազմը:
Ընդհանուր առմամբ, Հաջիևը բոլոր պատասխանները կեղծ էին ու պաշտպանվողական: Նա ակնհայտ ստեր էր հնչեցնում, օրինակ՝ թե իբրև Կարմիր Մահիկն անցել է Լաչինի միջանցքով և այլն: Ես կարծում եմ ԱԳՆ–ն, եթե ոչ հայտարարության, ապա միգուցե փոխնախարարի կամ այլ պաշտոնյայի մակարդակով կարող էր շատ փաստարկված արձագանքել Հաջիևի ստերին՝ հատկապես ընդգծելով Ադրբեջանում պետական մակարդակով հայի դեմ ատելության քարոզի գործոնը, ինչն էլ ինքնին բացառում է նորմալ խաղաղության կառուցման հնարավորությունը»: