«Բոլոր թաղամասերում եղել ենք, բոլոր զանգվածներում եղել ենք, եւ այն զանգվածներում, որտեղ մեզ ասել են՝ օրինակ 8-րդ կամ 9-րդ Մասիվը էս մոլորակից դուրս է, ասել եմ սրանից հետո Նորքի բոլոր զանգվածները Երեւանի ամենակենտրոնն են: Մենք պետք է այստեղ ունենանք ամենալավ բաները, ամենալավ ֆուտբոլի դաշտ, ամենալավ մանկապարտեզներն ու դպրոցները»,-Նոր Նորքում ասաց ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը: «Ու ամենալավ քաղաքապետը»,-բացականչեց մի տիկին:
Աժ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, որ ուղեկցում էր Ավինյանին, ասաց, որ ողջ քարոզարշավի ընթացքում իրենց քաղաքական թիմին ջերմություն են փոխանցում. «Մեր քաղաքական թիմի համար ամենաառաջնայինը մեր քաղաքացիների վերաբերմունքն ու գնահատականն է: Հեղափոխությունից ի վեր մեր քաղաքական թիմին հաջողվել է ստեղծել մի իրավիճակ, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր վերաբերմունքն արտահայտել ընտրությունների միջոցով»: Նա կոչ արեց ընտրությունների օրը անպայման գնալ եւ ձայնը տալ իրենց թիմին, շեշտեց, որ այլ քաղաքական թիմերի ցուցակներում բացի առաջին, երկրորդ համարներից, մնացածն անծանոթ անուններ են. «Ընտրություններից հետո առաջին համարները գնալու են ու մնալու են ինչ-որ անծանոթ մարդիկ, որոնք չեն եկել քաղաքը զարգացնելու նպատակով, այլ եկել են լրիվ այլ՝ քաղաքական նպատակներով: Դուք այդ պատկերը արդեն տեսել եք Ազգային ժողովում»:
Տիգրան Ավինյանն ի թիվս այլնի խոսեց նաեւ իր ձեւակերպմամբ ՝ իրականացված ծրագրերի ծավալից. «Սա ձեր պահանջն է եղել: Ես ձեզ պատասխանատու հայտարարում եմ՝ Երեւան քաղաքում լավագույն խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը, սքեյթի, հեծանիվի համար նախատեսված վայրերը մասիվում են»: Նա տրանսպորտից էլ խոսեց. «Վերջին 2-3 ամսում տրանսպորտի հետ կապված փոփոխություն տեսնում ե՞ք ժողովուրդ: Բայց կան նաեւ որոշ խնդիրներ, օրինակ տրանսպորտ չկա Դավիթ Բեկով անցնող, ուստի հունվար ամսից մեկ նոր գիծ ենք դնելու էրեբունիում, որը նաեւ գալու է Նոր Նորք, Էրեբունիից էլ շարունակվելու է Շենգավիթ… Մենք լսում ենք ձեզ եւ ձեր կարծիքները հաշվի ենք առնում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ