Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն ու մեր սահմանները կարևորագույն հարցն է, բայց նաև ներքին քաղաքական կյանքը չի կարելի կանգնեցնել․ դա պետության զարգացումն է»․ Հայկ Մարության

Սեպտեմբեր 07,2023 20:44

Էրեբունի վարչական շրջանում «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի բակային հանդիպումների ժամանակ մի կին վրդովվեց, թե մեր սահմաններին պատերազմ է, իսկ Երևանում քարոզարշավ են անում։ Հայկ Մարությանի համակիրներն այդ կնոջն ասացին` «մեր ձեռքը չէ, երկրի ղեկավարության ձեռքն է»։ Նա էլ արձագանքեց․ «Ձեր ձեռը չի, գրողների ձեռն է։ Թաղեմ ղեկավարությանն էլ, ընտրողին էլ, տանողին էլ, բերողին էլ»։

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է իր մտահոգությունը, կինը պատասխանեց․ «Մտահոգությունս այն է, որ այնտեղ պատերազմ է, էսքան ժամանակ այսքան ժողովուրդ չի գնում այնտեղ պայքարելու»։

Հայկ Մարությանին փոխանցեցինք կնոջ մտահոգությունը և հարցրինք՝ մի՞թե այս իրավիճակում պետք էին Երևանի ավագանու ընտրությունները, քարոզարշավը։

Հայկ Մարությանը պատասխանեց․ «Մեր պետության կարևորագույն հարցը Արցախն է և մեր սահմանները։ Դրա մասին խոսք լինել չի կարող։ Բայց նաև ներքին քաղաքական կյանքը չի կարելի կանգնեցնել, որովհետև դա պետության զարգացումն է։ Եթե ուզում ենք ուժեղանալ, մենք պետք է մեր պետությունը զարգացնենք, իսկ  զարգացումը պետք է լինի քաղաքական գործընթացներով»։

Հայկ Մարությանի բակային հանդիպումների ժամանակ ակտիվ էին նաև երեխաները։ Նրանք մոտենում, Հայկ Մարությանի հետ նկարվում էին։ Երեխաների մի խումբ էլ չէր հեռանում Մարությանից, բակ առ բակ շրջում էր նրա հետ և գոչում․ «Հայկ Մարության՝ համար 7, համար 7՝ Հայկ Մարության»։

Երեխաներից՝ նրանց ծնողներիի թույլտվությունը ստանալուց հետո, հարցրինք՝ ո՞վ է այս անձը, որ նրա հետ ցանկանում էին նկարվել, նրանք պատասխանեցին․ «Հայկ Մարությանն է, ինքը հայտնի դերասան ա։ Ազիզյաններում է խաղում»։

Հայկ Մարությանին բավականին ոգևորված էին դիմավորում նաև Էրեբունու մեծահասակ բնակիչները։ Մի կին պատուհանից գոչեց․ «Ձեզ շատ ենք սիրում՝ Ձեր հումորներով, ամեն ինչով»։

Հայկ Մարությանն էլ հորդորում էր Էրեբունու բնակիչներին անպայման գնալ ընտրության և ընտրել իրենց նախընտրած թեկնածուին և կուսակցությանը։

Մի երիտասարդ կին էլ, տեսնելով Հայկ Մարությանին, ասաց․ «Մանկապարտեզիների հարցը լուծեք, երիտասարդ ծնողները չեն կարողանում աշխատել։ Խնդրի առաջ ենք կանգնում, չգիտենք՝ ում մոտ թողնենք երեխային։ Երեխան պատրաստ է հաճախել մանկապարտեզ, բայց հերթը չի հասնում»։ Հայկ Մարությանն ասաց․ «Ես Ձեզ հետ համամիտ եմ։ Որ ճիշտն ասեմ, մի պահ մեզ մոտ էլ այդպիսի խնդիր կար, երեխան հերթի մեջ էր, չէինք կարողանում տեղավորել։ Լավ նորություն չեմ ասում, բայց եվրոպական մեծ քաղաքներում էլ են հերթագրվում, բայց պետական մանկապարտեզները չեն հասցնում սպասարկել։ Երկու խնդիր կա՝ շենքային պայմաններ, գումարը, որը պետք է տրամադրի համայնքը։ Մեզ մոտ անվճար է մանկապարտեզը, համայնքի վրա մեծ բեռ է ընկել։ Նախ պետք է շենքը սարքել, անձնակազմն է ավելանում, երեխաների գումարը։ Բայց պետք է լուծել։ Բյուջեն պետք է մեծացնել և լուծել այդ հարցը։ Մեր քաղաքացիները, որոնք բարիք են ստեղծում, փաստացի դժվարության առաջ են կանգնում։ Նաև երեխաների սոցիալականացման հարցն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930