Ըստ ArmeniaSputnik-ի սեպտեմբերի 6-ի գիշերը Գորիսում բերման են ենթարկել ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանին եւ Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գեւորգյանին։ Վերջինս մեկնել էր Սյունիք՝ սահմանամերձ բնակավայրերի մասին ռադիոնյութեր պատրաստելու համար։ Ըստ նույն աղբյուրի՝ 2020-ի պատերազմի պարտությունից հետո Աշոտ Գեւորգյանի հաղորդումներում սուր-քննադատական գնահատականներ կան։ Ինչ վերաբերում է Միկա Բադալյանին, նա արդեն մեկ անգամ կալանավորվել էր, հետո գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան բլոգեր Միկա Բադալյանի եւ Sputnik Արմենիայի լրագրող Աշոտ Գեւորգյանի ձերբակալումն անվանել է սադրանք։
«Սա նրանց սադրանքն է, որոնք ուզում են փչացնել հարաբերությունները երկու երկրների միջեւ, Արեւմուտքը մեծ գումարներ է ներդրել դրա մեջ», – գրել է Զախարովան իր Տելեգրամյան ալիքում։ Զախարովան նաեւ նշել է, որ չի հավատում, որ համընդհանուր ազատության կարգախոսներով իշխանության եկած Հայաստանի ղեկավարությունը հետապնդում է լրագրողներին։
Աշոտ Գեւորգյանն ու Միկա Բադալյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ այժմ գտնվում են ՀՀ քննչական կոմիտեում։ Չնայած քննչական գործողությունները շարունակվում են, սակայն ձերբակալության պատճառը դեռեւս չի հաղորդվում։
Կարդացեք նաև
Aravot.am-ը փորձում է պարզաբանումների ստանալ ՀՀ քննչական կոմիտեից․ տեղեկություններ ունենալու դեպքում կհրապարակենք։