Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 7-ի արտահերթ նիստում հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների նմուշը։
ԿԸՀ-ն հաստատել է նաև մինչ այժմ ներկայացված թեկնածուների ինքնաբացարկների դիմումները։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակի ներկայացուցիչ Աբգար Ալբաբյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչ Հովհաննես Զաքարյանը։ Հովհաննես Զաքարյանի դիմումը սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, հետևաբար վերջինիս ներկայությունը նիստին պարտադիր չի եղել, իսկ Աբգար Ալբաբյանը նիստին մասնակցել է և հանձնաժողովին է ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ։
Ընտրական օրենսգրքով սահմանած ժամանակացույցի համաձայն, սեպտեմբերի 7-ին, 18։00-ին ավարտվել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի, ինչպես նաև ավագանու անդամի թեկնածու հանդիսացող անձանց ինքնաբացարկի դիմում ներկայացնելու ժամանակը, հետևաբար ԿԸՀ-ն չի կարող այլևս ինքնաբացարկի դիմումներ ընդունել։
ԿԸՀ-ն հաստատել է նաև ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու որոշումը։
Կարդացեք նաև
Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը հաստատել է Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ կազմակերպությանը հրավիրելու որոշումը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով