Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երբ երեխաները ծնվել էին, այն ժամանակ Չեխիան չէր ընդունում երկքաղաքացիություն»․ Հայկ Մարության

Սեպտեմբեր 07,2023 18:45

«Բայց ո՞վ ասաց, որ չենք դիմել կամ չենք դիմելու։ Երբ երեխաները ծնվել էին, այն ժամանակ Չեխիան չէր ընդունում երկքաղաքացիություն»,-Aravot.am-ի հարցին՝ երբ Ձեր երեխաները ծնվեցին, ինչո՞ւ չդիմեցիք, որ երեխաները ստանան նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Էրեբունիում բակային հանդիպումների ժամանակ մեզ հետ զրույցում այսպես պատասխանեց «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Հարցին՝ իսկ դա ո՞ր թվականն էր, Հայկ Մարությանը պատասխանեց՝ արդեն չեմ հիշում․ «Այն եմ հիշում, որ այն ժամանակ այդ քննարկումը կար, և գիտեինք, որ դա այդպես է»։ Հետաքրքրվեցինք՝ դիմելո՞ւ եք, որ երեխաներն ունենան նաև ՀՀ քաղաքացիություն, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Երբ իրենք դառնան չափահաս, իրենք են իրենց կյանքի մնացած մասը որոշողը։ Բնականաբար, ինձ համար շատ և′ պատվաբեր կլինի, և′ հաճելի, որ երկու երկրի քաղաքացի լինեն։ Այնպես որ, ես կարծում եմ իրենք համենայն դեպս դաստիարակվել են մաքուր, լավ, հասարակ, նորմալ հայկական ընտանիքների օրենքներով և կանոններով։ Կինս, չնայած չեխ է, բայց միայն հայերեն է խոսում իմ երեխաների հետ՝ այն էլ գրական։ Նա սերմանել է սերը դեպի հայրենիք և Հայաստան, հարգանք դեպի մարդկանց, և այդ ամենն իր պտուղները կտա»։

Հայկ Մարությանին հիշեցրինք՝ իր ընդդիմախոսները մատնանշում են այն փաստը, որ ՀՀ-ն ու Չեխիան փոխադարձ ճանաչում են երկքաղաքացիությունը, ուստի ի՞նչն էր խանգարում, որ իր զավակները լինեին երկքաղաքացի, Հայկ Մարությանն արձագանքեց․ «Իմ կինը չեխ է, Չեխիայի քաղաքացի, և իմ երեխաներն ավտոմատ կերպով ստացել են Չեխիայի Հանրապետության քաղաքացիություն։ Էդ աղմուկը բարձրացնում են ՔՊ կուսակցության ֆեյք էջերը, իրենց ներկայացուցիչները, այնինչ 2018-ից մեզ մոտ ոչինչ չի փոխվել․ 19 տարի մեզ մոտ նույնն է,  բան չի փոխվել։ Բայց այն ժամանակ իրենց համար ամեն ինչ նորմալ էր, խնդիրը չկար։ Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ իրենք շարժվում են նեղ անձնական և կուսակցական շահերով։ Երբ իրենց պետք է, օքեյ է, երբ պետք չի, սկսում են աղմուկ բարձրացնել։ Սա ցույց է տալիս այն, ինչի մասին ամեն օր խոսում ենք, ինչի համար նաև պայքարում ենք»։

Մեր դիտարկմանը՝ նորմալ է, որ երևանցու մոտ այդ հարցն առաջանա, որ եթե, օրինակ՝ ընտրվեք քաղաքապետ, իր քաղաքապետի երեխաները լինեն ՀՀ քաղաքացիներ, Հայկ Մարությանն այսպես արձագանքեց․ «ՀՀ օրենսդրությամբ ֆիքսված է՝ ով իրավունք ունի դառնալ քաղաքապետ և ով չունի։ Եթե այդպիսի հարց կա, պիտի դնել օրենսդրական բազայով լուծում տալ։ Եթե այս պահին օրենքը դա չի արտացոլում, նշանակում է՝ այդ հարցն այդպես է դրված»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930