Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, ադրբեջանական կողմը վերադարձրել է օգոստոսի 28-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։
Տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ։ Նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։
Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգման մանրամասների, Ադրբեջանի կողմից կամայական և ապօրինի ազատազրկման ընթացքում նրանց նկատմամբ վերաբերմունքի և առողջական իրավիճակի մասին Արցախի ՄԻՊ հաստատության կողմից կիրականացվի ուսումնասիրություն։
Քաղաքացիական անձանց՝ մասնավորապես Վագիֆ Խաչատրյանի, Ռաշիդ Բեգլարյանի, Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգումն ու կամայական ազատազրկումը, Ադրբեջանի կողմից կեղծ և շինծու քրեական գործերի հարցումը աներկբա փաստում են, որ Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետը ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։
Կարդացեք նաև
Այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք, շրջափակման մեջ է պահվում 120 000 բնակչություն՝ զրկված հումանիտար հասանելիությունից և մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից»։
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հաղորդում են. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի Հակարիի կամուրջի տեղամասում ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 05.07.2001թ.), Լևոն Ժիրայրի Գրիգորյանին (ծնվ. 17.05.2003թ.) և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին (ծնվ. 12.06.2003թ.)։
Վերջիններս ս.թ. օգոստոսի 28-ին ադրբեջանական սահմանապահների կողմից արգելանքի էին վերցվել ԼՂ-ից ՀՀ ուղևորվելիս»։