Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այլ տարբերակ չունենք, քան գնալ ազգային համերաշխության ճանապարհով, որը չի նշանակում ազգային հնազանդություն». Արման Աբովյան

Սեպտեմբեր 07,2023 17:26

«Պատերազմից վատ բան չկա» արտահայտությունն ի վերջո բերեց պատերազմի, քանի որ պատերազմից վատ բանը հայրենազրկումն է, ցեղասպանությունն է եւ բոլոր այն երեւույթները, որոնց մենք այսօր ականատես ենք»,- այսօր «Արցախ. ո՞ւր է տանում ընթացքը» խորագրով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

Հայաստանի իշխանությունների գործողությունները վերլուծելն Արման Աբովյանն անիմաստ է համարում, քանի որ, իր համոզմամբ, նրանք կառավարելի են՝ մի քանի կետից՝ իմիտացիա ստեղծելով, թե իրենք իշխանություն են, միաժամանակ, փորձում են հասարակությանը նախապատրաստել իրենց իսկ կազմակերպած ձախողումներին: Բանախոսի համոզմամբ, Հայաստանում այսօր կա մեկ հարց՝ լինելո՞ւ է Հայաստան, թե ոչ, մինչդեռ իշխանության միակ խնդիրն իր իշխանությունը պահպանելն է. «Զարմանալի կամ նախանձելի հետեւողականությամբ ՀՀ իշխանությունները ապացուցում են, որ իրենք ի զորու չեն անվտանգությունն ապահովել, նվազագույնը՝ ապահովել, որ ՀՀ քաղաքացիները չառեւանգվեն, չսպանվեն, չխոշտանգվեն եւ այս տարրական պահանջները բարձրացնելիս իշխանություններն ասում են, թե իշխանության համար կռիվ են անում»:

Արման Աբովյանի փոխանցմամբ՝ ՀՀ իշխանությունները ՌԴ-ին նշանակել են մեղավոր՝ այլ աշխարհաքաղաքական կենտրոնի հորդորով, որ այդ հորդորի ներքո փորձեն փրկել իրենց իշխանությունը եւ Հայաստանը մտցրել են Արեւելք-Արեւմուտք առճակատման դաշտ, ինչի արդյունքում Հայաստանի սուբյեկտայնությունն այնքան է նվազել, որ արտաքին ուժերն են պայքարում, թե ո՞վ կվերահսկի Հայաստանով անցնող ճանապարհները:

«Մենք այլ տարբերակ չունենք, քան գնալ ազգային համերաշխության ճանապարհով, որը չի նշանակում ազգային հնազանդություն: Այսինքն՝ բոլորը համերաշխ են, որ չենք գնալու թուրքի աշխարհաքաղաքական հաշվարկների համար մատաղ լինելու: Մենք համաձայն չենք, որ մեր ազգի մի մասը կոտորվի, որպեսզի մյուս մասը չաղ ու բախտավոր լինի»:

Արման Աբովյանը կեղծ է համարում պնդումները, թե մենք թույլ ենք, կարողություն չունենք, քանի որ այդպիսով հասարակության դիմադրությունն են կոտրում եւ թշնամուն հրավիրում հարձակման. «Ոչնչացնում ու վերացնում են միայն դիմադրությունից զրկված միավորներին, դրա համար պետք է հրաժարվել ինքներս մեզ խղճալուց: Մենք չենք ուզում պատերազմ, միայն աննորմալ մարդը կամ հասարակությունը կարող է պատերազմ ուզել, բայց տասնապատիկ աննորմալ մարդը կարող է չդիմադրել, երբ պատերազմը գնում է, իսկ այն չի ավարտվել: Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են մեզ հանել մեր անվտանգային համակարգից, որը մենք մեր ձեռքով ջարդում ենք»:

Արման Աբովյանը պնդեց՝ Հայաստանի եւ Արցախի շահերը միայն մեզ են հետաքրքիր եւ եթե մենք պաշտպան կանգնեք դրանց, մեր կողքին դաշնակիցներ կհայտնվեն:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930