Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ- ում իր առաքելությունն ավարտող Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրված ջանքերի եւ կատարած աշխատանքի համար: ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվացնել հարաբերությունները եւ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում պաշտոնավարելը: Ընդգծելով, որ Նիդերլանդների Թագավորությունը կարեւորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը՝ նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ կապերը կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել:
ԱԺ նախագահի տեղակալը դեսպանի խնդրանքով ներկայացրել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ Լեռնային Ղարաբաղում:
ՀՀ ԱԺ