Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորս ձեռքին սպի չկա, նրան երբեք Վլադիկ չեն դիմել»․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը հերքում է ադրբեջանցու մեղադրանքները

Սեպտեմբեր 07,2023 17:06

«Ես հերքում եմ այդ բոլոր դրվագները, հորս վերաբերյալ բոլոր հայտարարությունները սուտ են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանական բանակի պահեստազորի սպա, Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից Ազայ Քարիմովի գրառմանը։ Քարիմովը գրել է, որ հիվանդանոցում հանդիպել է Վագիֆ Խաչատրյանին։ «Չնայած նրա իսկական անունը Վագիֆ է, այն ժամանակ բոլորը նրան ճանաչում էին Վլադիկ մականունով։ Բանն այն է, որ 1991թ. մայիսի 15-ին Վագիֆին (Վլադիկին) ևս չորս զինյալների հետ բռնել ենք: Ես անձամբ եմ ծեծել նրան, հանդիպման ժամանակ նա հիշեց այդ դեպքը։ Այն բանից հետո, երբ Վագիֆը ձերբակալվեց մեր կողմից, և նրան ուղարկեցին Շուշիի բանտ, գիշերը նա ատամներով կրծել էր ձախ ձեռքը, որպեսզի արյունահոսությունից մահանար։ Այդ սպին դեռ նրա ձեռքին է։ Երեք ամիս անց Բաքվից Շուշի ուղարկված դատախազներն ու քննիչները մեծ գումարի դիմաց Վագիֆին վաճառեցին հայերին։ Իսկ դեկտեմբերին նա մասնակցեց Մեշալիի ողբերգությանը։ Նա ակտիվորեն մասնակցել է նաև 1992 թվականի փետրվարին տեղի ունեցած Խոջալուի ջարդերին»,- գրել է նա։

Այնուհետեւ ադրբեջանցին իր գրառման մեջ դիմել է Վագիֆ Խաչատրյանի դստերը՝ Վերա Խաչատրյանին «Վագիֆին այստեղ լավ են վերաբերվում, սնունդը պատշաճ է, բժիշկների մշտական ​​հսկողության տակ է։ Ինքը՝ Վագիֆը, ինչ-որ բան ասել է, բայց դուք պետք է կոնկրետ ասեք՝ մատնանշեք Խոջալուի 150 բնակիչների, Մալիբեյլի-Գուշչուլարի 21 բնակիչների, Շուշայի մոտ 147 անհետ կորած անձանց զանգվածային հուղարկավորության վայրերը։ Եթե ​​այս տեղեկությունը տաք ադրբեջանական կողմին, կթեթևացնեք Վագիֆի պատիժը։ Հիմա, Վերա, խոսելու Ձեր հերթն է, սպասում ենք տեղեկատվության»:

«Առավոտի» հետ զրույցում Վերա Խաչատրյանն ասաց, որ իր հորը վերագրվող բոլոր մեղադրանքները շինծու են։ «Ինչպես եւ բոլոր մեղադրանքները, որոնք հնչել են հորս հանդեպ մինչ օրս, այս անձի ներկայացրած բոլոր տեղեկությունները եւս չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Վերա Խաչատրյանը։

«Այն, որ հայրիկիս իբր Վլադիկ էին ասում, այդպիսի բան հաստատ չկար, երբեք նրանք Վլադիկ չեն դիմել։ Իր ձեռքին սպի չկա, ես չեմ նկատել, որ իր ձեռքին սպի կա։ Եվ ընդհանրապես այդ ամբողջ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հավելեց Վերա Խաչատրյանը։

Անդրադառնալով Ազայ Քարիմովի՝ իրեն ուղղված կոչին, որ ցույց տա «զանգվածային հուղարկավորության վայրերը», Վերա Խաչատրյանն ասաց․ «Այդպիսի վայրեր գոյություն ունենալ չեն կարող»։

Վերա Խաչատրյանը հավելեց, որ այս գրառման վերաբերյալ մանրամասները դեռ պետք է քննարկեն իրենց փաստաբանի հետ։

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ այս տարվա հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Արցախի Հանրապետության Պատարա համայնքի բնակիչ 1955թ․ ծնված Վագիֆ Խաչատրյանը Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետետից առեւանգվել էր։
68-ամյա Վագիֆ Խաչատրյանն ունի սրտանոթային հիվանդություն, տեղափոխվում էր Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոն վիրահատության նպատակով։

Ադրբեջանական կողմի մեղադրանքի համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակչության դեմ գործողություններին։ Վագիֆ Խաչատրյանը Բաքվում կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել «ցեղասպանություն» եւ «բնակչության տեղահանում կամ բռնի վերաբնակեցում» հոդվածներով։

Վերա Խաչատրյանը տեղեկացրեց, որ մոտ 10 օր առաջ է Վագիֆ Խաչատրյանը 2 րոպեանոց հեռախոսազանգ է ունեցել ընտանիքի անդամների հետ։ «Ինքն էլ էր հուզված, ես էլ, չէի սպասում իր զանգին։ Ես իրենից էի հարցնում, ինքը՝ մեզանից, ես իրեն էի ասում՝ լավ մնա, ինքը մեզ էր ասում՝ լավ մնացեք, ուժեղ մնացեք»,- ասաց նա։

Ըստ Վերա Խաչատրյանի՝ հոր առողջական վիճակի մասին տեղեկություն չունեն, քանի որ հեռախոսազանգի ընթացքում չեն հասցրել քննարկել այդ հարցը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930