ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կարծիքով, այսօր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Քի Վեսթի հայելային արտացոլումն է: «Արցախ. ուր է տանում ընթացքը» խորագրով քննարկման ժամանակ Վարդան Օսկանյանը մանրամասն հիշեց, թե տասնամյակներ առաջ ինչպես Հեյդար Ալիևը ճանաչեց Արցախը Հայաստանի մաս, պայմանավորվում էին Արցախը Նախիջեւանին կապող վեց մետր լայնությամբ էստակադա կառուցելու մասին, որը տրվում էր Ադրբեջանի սուվերենությանը. «Իհարկե, հայր Ալիեւը սա չկարողացավ իրականացնել, վերադարձավ Քի Վեսթից Բաքու, մեծ դիմադրության հանդիպեց։ Կանչեց ԱՄՆ դեսպանին, ասաց, որ նա չի կարողանա դա իրականացնել, այսինքն` իր խոստումից հետ կանգնեց»։
Այն, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս եւ պնդում է, որ դրա դիմաց ստանալու է հայերի իրավունքների երաշխիքներ, ըստ Վարդան Օսկանյանի, անիրականանալի է, իրատեսական չէ. «Փաշինյանի համար սա շատ դժվար կլինի իրականացնել, քանի որ նա դրա բարոյական, իրավական, քաղաքական իրավունքը չունի»:
Վարդան Օսկանյանը նաեւ հիշեցնում է, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գնալով ընկնում է ու հիմա շատ ցածր է, նաեւ՝ Գերագույն խորհրդի՝ 1992 թ. որոշումն արգելում է ընդունել որեւէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս։
Ըստ Վարդան Օսկանյանի, Նիկոլ Փաշինյանը երկու ճակատագրական սխալ է արել, որոնք շատ արագ պետք է ուղղի, եթե ցանկանում ենք խուսափել պատերազմից։ Այդ ճակատագրական սխալներն են՝ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելը եւ Արցախի հարցի բանակցությունների երաշխավոր լինելուց Հայաստանի հրաժարումը:
Կարդացեք նաև
Իրավիճակը շտկելու համար նա հինգ առաջարկ ունի՝ ազգովին որոշում ընդունենք, որ Արցախից չենք հրաժարվելու եւ եթե դա զոհողություն է պահանջելու՝ գնանք այդ զոհողությանը։
Երկրորդ՝ մեր հույսը միայն մեզ վրա պետք է դնենք՝ չհրաժարվելով դաշնակիցներից եւ բարեկամներից, բայց նրանց օգնությունը երկրորդական դիտարկել։
Երրորդ՝ Արցախի նոր իշխանությունն առավել մեծ ինքնուրույնություն եւ համարձակություն պետք է ցուցաբերի, ինչի նշանները կան եւ դա էապես կազդի թե բանակցային գործընթացի, թե ՀՀ-ում ընթացող զարգացումների վրա։
Չորրորդ՝ բանակցային փաշինյանական նարատիվը պետք է փոխել՝ կամ Փաշինյանով, կամ՝ առանց նրա, այն պատերազմ է բերելու։
Հինգերորդ՝ ընդունել Արեւմուտքի այլընտրանքային առաջարկը. այն է՝ որպես բանակցային հիմք ընդունել այն, որ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ եւ դրանից նահանջ չանել՝ առաջ գնալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ