Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավունք չունենք թույլ տալու նոր պատերազմ, հայրենազրկում Արցախում». Վահե Հովհաննիսյան

Սեպտեմբեր 07,2023 16:37

«Ստեղծված վիճակը, ընթացքը տանում է պատերազմի, հայրենազրկման: Այս բանակցային սխալները, բանակցային այլասերված բովանդակությունն Ադրբեջանի նախագահի մոտ առաջացրել է արհեստական կեղծ սպասումներ։ Խոսքը Արցախի, Հայաստանի բուն տարածքից ութ անկլավների մասին է, որը, չգիտես ում մանդատով, ում լիազորությամբ, Հայաստանի գործող վարչապետը համաձայնվել է, որ լինի, այսպես կոչված, խաղաղության բովանդակության մեջ»,- այսօր՝ «Արցախ. ուր է տանում ընթացքը», խորագրով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Այլընտրանքային նախագծեր խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս ընթացքը ձեւավորվել է բանակցային կոպիտ սխալների հետեւանքով, որը թույլ է տվել Հայաստանի գործող իշխանությունը։

«Ալիեւն ասում է՝ տվեք այն, ինչ մենք բանակցել ենք։ Այդ տալու մեխանիզմը գոյություն չունի։ Բոլորը հասկացել են, որ հնարավոր չէ այդ պայմանագիրը, դա չի լինելու։ Մյուս կողմից, թշնամական երկրի մոտ առաջացրել են արհեստական խոշոր սպասումներ եւ նա ասում է՝ եթե չտաս խաղաղության պայմանագրով, ես դա կստանամ իմ տանկերով։ Ամբողջ ողբերգությունը նրա մեջ է, որ սխալ բովանդակության պատճառով բանակցություններն, ըստ էության, ավարտվել են։

Երբ որ բանակցություններն ավարտվում են՝ մեծանում է պատերազմի հավանականությունը։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսում է որպես շարքային քաղաքացի, ով աշխատանքից հետո իրենց բակում նստած ասում է՝ կուտակումներ կան, կռիվ է լինելու։ Այս ժողովուրդը, երկիրը փորձաքար չէ, որ ով ինչ սխալ անի, վերջում ասի՝ չստացվեց, կռիվ է, գնանք, էլի կզոհվենք»,-ասաց բանախոսը։

Անգամ ստեղծված բարդ իրավիճակն, ըստ Վահե Հովհաննիսյանի, անելանելի չէ, լուծումներ կան ու դրա համար ժամանակ եւ ռեսուրս ունենք. «Իրավունք չունենք թույլ տալու նոր պատերազմ, հայրենազրկում Արցախում: Մեզ պետք է նոր սոլիդ իշխանություն, որը այս երկու կարեւոր բաները կապահովի: Մնացածը՝ հետո, երկար խոսակցության թեմա է: Իսկապես, մեզ պետք է բարձր հեղինակությամբ իշխանություն։ Որպեսզի մենք փոխենք, շտկենք, հնարավորություն ստանանք խուսափել ամենածայրահեղ վտանգավոր սցենարներից, Հայաստանին պետք է նոր՝ սոլիդ, կոնսոլիդացված իշխանություն»:

Վահե Հովհաննիսյանի համար անհասկանալի է՝ գործող իշխանության մղումը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու: Որ ՌԴ-ն բարդ երկիր է, բազմաշերտ քաղաքականություն ունի, որ ՌԴ-ի պահվածքում ամեն ինչ չէ, որ մեր սրտով է, ընդդիմադիր գործիչն էլ է արձանագրում, ինքն էլ բազմաթիվ հարցեր ունի ՌԴ քաղաքական ղեկավարությանը, բայց ստեղծված բարդագույն իրավիճակում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատացնել՝ ոչինչ չշահելով՝ իր համար անհասկանալի է:

 

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930