«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավը շարունակում է Նոր Նորք վարչական շրջանում։
Ջրվեժ թաղամասում շրջայցի ժամանակ Ավինյանն արձանագրեց երկու հիմնական խնդիր՝ համատիրությունները չեն գործում, բակերի ու փողոցների պատշաճ մաքրություն չի իրականացվում։ Բնակիչները Ավինյանին բողոքեցին, որ նրա այսօրվա այցի կապակցությամբ վերջապես հավաքարարներ են տեսել բակերում։ «Ոչինչ չեն անում, գնում ասում ենք, ասում են՝ փող չկա, հավաքարար չկա, 40 տարի է՝ մենք պայքարում ենք, հավաքարար չկա։ Մեզ համար կարեւորը դա է, որ մեր շրջապատը մաքուր լինի»,- ասաց բնակչուհիներից մեկը։
Ավինյանն ի պատասխան նշեց, որ համատիրությունների մասին նոր օրենքի նախագիծ են մշակել, որով համատիրությունները կվերակազմակերպվեն, քաղաքապետարանի ու կառավարության կողմից ֆինանսավորում կստանան։
«Մենք ամեն օր չենք կարող մեկին ասել՝ եկեք, մեր բակը ավլեք, այսօր հավաքարարին որ տեսանք, ուրախացանք, ասացինք՝ էս ի՞նչ է կատարվել, երեւի հեղափոխությո՞ւն է»,- ասաց բնակիչներից մեկը։ Ավինյանն արձագանքեց․ «Շատ լավ է, որ դուք ինձ սա ասում եք, որովհետեւ ավելի մեծ պրոբլեմ եք ստեղծում իրենց համար։ Օրինակ՝ ես չգիտեի, որ իմ գալու առիթով մաքրվում է, որովհետեւ եթե մաքուր չլիներ, ես ասելու էի՝ էս ի՞նչ վիճակ է։ Սրանից հետո մենք կունենանք համակարգ, իմ փոխարեն մարդիկ կգան վերահսկողություն կիրականացնեն, կտեսնեն՝ մաքուր է, թե ոչ»։
Կարդացեք նաև
«Մենք ուզում ենք, որ օրենք լինի, ախր այսպես չի լինի։ Մեզ աշխատանք է պետք, աշխատանք»,- ասաց բնակիչը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ