Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյանը վրացական համարանիշներով մեքենաների վարորդներին հորդորում է ցայտնոտ վիճակից դուրս գալ

Սեպտեմբեր 07,2023 16:09

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանում վրացական համարանիշներով ավտոմեքենա վարող վարորդների դժգոհություններին՝ ասաց․ «Եթե ես եւ դուք ուզում ենք մեքենա բերել եւ Հայաստանում վարել, պետք է բերենք, մաքսազերծենք եւ վարենք. Հիմա ինչո՞ւ մենք պետք է մաքսազերծման վրա գումար ծախսենք, հայտարարագիր ներկայացնենք, վճարենք բոլոր մաքսերը, տուրքերը, հարկերը, իսկ այդ մեխանիզմով մարդիկ չվճարեն։ Այսինքն, ես եւ դուք անհավասար պայմաններում ենք»։

Բադասյանի խոսքով․ «Ամբողջ քննարկման աբսուրդն այն է, որ վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանի տարածքում մեքենա վարելու համար, Հայաստանում վարելու համար պետք է ունենալ հայկական համարանիշ: Ընդ որում, կան բացառություններ, երբ մարդը ժամանակավոր գալիս է Հայաստան՝ գործ ունի, զբոսաշրջային նպատակով, իրեն տրված է հնարավորություն իր մեքենայով գալ, մտնել Հայաստան եւ դուրս գալ: Երբ այս մեխանիզմն օգտագործվում է մեքենա չմաքսազերծելու, բայց այդ մեքենան մշտապես Հայաստանի տարածքում պահելու համար, ես եւ դուք հայտնվում ենք անհավասար վիճակում։ Մի բան կա, որ ընդունում եմ՝ երբ պետությունը, ի դեմս ՊԵԿ-ի, դրան անմիջապես չի արձագանքում, չի ասում՝ այդ ինստիտուտը դրա համար չի, եւ արագ փոփոխություններ չի նախաձեռնում, մարդիկ էլ ասում են՝ բա ո՞նց ենք 3 կամ մի քանի տարի ավել դրանից օգտվել, հիմա ՊԵԿ-ը վեր է կացել ու ասում է՝ էլ չես կարող: Ուստի, մենք հանգամանալից կլսենք մեր քաղաքացիներին, ու այնպիսի կարգավորումներ կընտրենք, որ միանգամից այս հարաբերությունները չխզվեն: Ես համաձայն եմ, որ ՊԵԿ-ն այստեղ մեղավորություն ունի, որովհետեւ պետք է այդ ամենին արագ արձագանքեր, ուղղորդող դեր պետք է կատարի քաղաքացու, իրավաբանական անձի համար, բացատրի՝ այս ինստիտուտը չարաշահման համար չէ։ Ես նրանց հորդորում եմ այդ ցայտնոտ վիճակից դուրս գան, որովհետեւ մենք ինչ որոշում էլ կայացնենք, անպայման լսելու ենք, ողջամիտ ժամկետներ ենք քննարկելու, որ իրենք ժամանակ ունենան հարմարվելու նոր վիճակին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930