Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահ․ «Wildberries-ն հայ սպառողին ապրանքը մատակարարելիս այս տարվանից ավելացված արժեքի հարկ է վճարում»

Սեպտեմբեր 07,2023 15:31

«Անցած տարի ՊԵԿ-ն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առեւտրի մասով ոչ թե գործի ռեզիդենտության երկրի կանոնը, այլ սպառման երկրի կանոնը: Դա նշանակում է, որ «Վայլդբերիզ»-ը (Wildberries) մինչեւ 2023 թվականը հայ սպառողին ապրանքը մատակարարելուց ավելացված արժեքի հարկ չէր վճարում։ Այս տարվանից սկսած՝ ավելացված արժեքի հարկ վճարում է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով տեղական փոքր ու միջին ձեռնարկատերերի Wildberries-ից դժգոհություններին, ըստ որի այս ընկերության գործունեության պատճառով վնասներ են կրում, քանի որ Wildberries-ում նույն ապրանքը զգալի էժան է։

Բադասյանի խոսքով՝ մրցակցության վրա ազդեցությունը, որը կարող էր ունենալ հարկեր չվճարելու տեսքով, ՊԵԿ-ն անցած տարվանից  արձանագրել է․ «Ավելին, մենք հետեւել ենք, որ որեւէ առումով որեւէ առավելություն չունենա այդ ընկերությունը եւ տարվա սկզբից վերլուծական աշխատանքներ ենք տարել եւ 3.2 միլիարդի վերականգնում ենք ունեցել բոլորովին վերջերս։ Մաքսային արժեքների որոշման որոշակի մեխանիզմներ կան՝ ներկայացնում են իրենց համապատասխան փաստաթղթերը եւ դրանց հիման վրա կատարվում է մաքսազերծումը։ Այսինքն, ՊԵԿ-ի մասով հարցը մենք լուծել ենք»:

Լրագրողի դիտարկմանը՝ տնտեսվարողները դժգոհում են, թե ՊԵԿ-ը խեղդում է ՓՄՁ-ներին, հարկերը բարձր են, Բադասյանը պատասխանեց․ «Ինչո՞վ է դրսեւորվում ՓՄՁ-ներին խեղդելը: Ես այդ պնդման հետ կտրականապես համաձայն չեմ: Մենք պայմաններ ենք ստեղծում, որ բիզնեսը նորմալ գործի: Այն պնդումը, որ մաքսազերծման գինը բարձր է, այդ գինը ձեւավորվում է տնտեսվարողի կողմից ներկայացվող փաստաթղթերի հիման վրա, եւ կա օրինականության սկզբունք, որից մենք չենք կարող շեղվել: Այսինքն, խոշորը գալիս, ասում է՝ գիտեք, փոքրն օգտվելով ձեր սահմանած արտոնությունից ներմուծում է որոշակի կիլոգրամի շրջանակներում ապրանքներ, չի ձեւակերպում, եւ վնասում է մեր բիզնեսին։ ՓՄՁ-ն ասում է՝ դուք, որ ինձ խոշորի հետ հավասար եք նայում, ես էլ եմ տուժում։ Բայց հավասար նայելու գործառույթը մենք չենք որոշում։ Դա ԵԱՏՄ եւ ՀՀ օրենսդրությամբ է սահմանված։ Փոքրի, միջինի եւ խոշորի դեպքում միեւնույն ձեւով է մաքսազերծում իրականացվում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930