«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավը շարունակում է Նոր Նորք վարչական շրջանում։
«Պարոն Ավինյան, մի հատ հավաքարար տեսա՞ր էսքան շենքերի մոտ։ Չկա, կոմունալնի վարձերը վերցնում են ամեն ամիս, բայց մի հատ մաքրող չկա»,- դժգոհեց բնակիչներից մեկը։ «Մենք ստիպված ավելացնում ենք հավաքարարների քանակը, 140 հոգի հիմա արդեն ունենք։ Ես մի բան էլ ասեմ՝ մենք ինչքան էլ հավաքարար հավաքենք, թեկուզ ամեն օր էլ բերենք մտցնենք, մեկ է, մի քիչ մենք էլ պետք է փոխվենք։ Սա ոնց որ թշնամու տարածք լինի, տան զգացողություն չունեն մարդիկ այս բակի նկատմամբ»,- արձագանքեց Ավինյանը։
Մի բնակչուհի էլ դժգոհեց, որ իրենց թաղամասն անուշադրության է մատնված։ «Մենք 1981 թվականից էս շենքն ու տունը ստացել ենք, «Մայակ» թաղամասի տեղը ոչ մի ղեկավար չգիտի։ Ոչ մի խաղահրապարակ չկա, ոչ մի նստելու տեղ չկա, էս ի՞նչ է։ Ընտրության ժամանակ դուք ասում եք, բայց ընտրվում պրծնում եք, ամեն ինչ մոռանում եք»,- ասաց բնակչուհին։ Ավինյանն ի պատասխան նշեց, որ Երեւանում մեծ ծավալի աշխատանք է իրականացվում։
Բնակիչներից մեկն էլ հարցրեց․ «Ձեր կարգախոսն է՝ «Ասեք, կանենք»։ Պիտի ասենք, նոր անե՞ք»։ «Չէ, այդտեղ շատ խորը բան կա, որ չեք ասում, որ այդ պրոցեսին մասնակից չեք լինում, հետո տեր էլ չեք կանգնում»,- պատասխանեց Տիգրան Ավինյանը։ «Կցանկանանք, որ սա ցուցադրական չլինի, արդյունք լինի»,- ասաց բնակիչներից մեկը։ «Եթե ուզենաք փաստով տեսնել, կտեսնեք»,- արձագանքեց Ավինյանը։
Կարդացեք նաև
«Տեսեք մեր փողոցների վիճակը, անմխիթար վիճակ է, մենք ձեզ չասենք՝ էս արեք, էն արեք, որ դուք անեք։ Առանց ասելու արեք էդ ամեն ինչը։ Մաքրությունից դժգոհ ենք, էսօր ամբողջ օրը դրսերը մաքրել են, ընտրությունից ընտրություն են անում էս բոլորը»,- ասաց բնակչուհիներից մեկը։ Ավինյանն ի պատասխան ասաց․«Ուղղակի իմ շրջայցից առաջ են անում, ոչ աչքս չտենա ու չջղայնանամ, բայց հիմա իմ փոխարեն ամեն շաբաթ մարդ եմ ուղարկելու ձեզ մոտ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ