Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցման արդյունքներով՝ քաղաքապետի ընտրություններում առաջատար են չորս քաղաքական ուժեր

Սեպտեմբեր 07,2023 15:13

«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսում ներկայացրեց առաջիկա ավագանու ընտրությունների վերաբերյալ հարցման արդյունքները, որն իրականացվել է սեպտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում:

«Այս թեմայով մեր հետազոտությունների երկու փուլ արդեն ներկայացրել ենք: Սա, ամենայն հավանականությամբ, կլինի նախավերջինը: Վերջինը կլինի սեպտեմբերի 14-ին կամ 15-ին: Այսօր հրապարակվելիք արդյունքները քարոզարշավի ճանապարհի կեսի արդյունքներն են: Բայց մենք բոլորս գիտենք, որ երկրորդ հատվածն ավելի ակտիվ է լինում»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Նրա դիտարկմամբ, այս անգամվա քարոզարշավն ավելի քիչ է տեսանելի, հավանաբար, այն պատճառով, որ գուցե ավելի շատ գնացել են էլեկտրոնային մեդիայի ուղղությամբ: «Նախկին բակային հանդիպումների ֆորմատը, երբ հավաքվում էր ժողովուրդը, այս անգամ շատ թույլ է այս նախընտրական շրջանում»,-նկատեց բանախոսը:

Հարցին, թե քաղաքապետի պաշտոնը ավելի շատ քաղաքակա՞ն է, թե՞ մենեջերի, ապրիլ ամսվա նույն հարցման պատասխանների տոկոսի մեջ այս անգամ նկատելի փոփոխություն է արձանագրվել: Մայրաքաղաքի բնակիչներն այս պաշտոնը ավելի շատ սկսել են ընկալել որպես քաղաքական: Գարնանը 58,3 տոկոսն ասել էր, որ քաղաքապետի պաշտոնը կառավարչի պաշտոն է, իսկ քաղաքական նշել է 37,2 տոկոսը: Իսկ հիմա քաղաքապետի պաշտոնը քաղաքական համարում է 41,3 տոկոսը:

7,4 տոկոսով աճել է նաեւ այն քաղաքացիների տոկոսը, որոնք ծանոթացել են ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին:

Հարցման արդյունքով պարզվել է, որ երեւանցիներն ավելի շատ հետաքրքրում են չորս քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Ապրելու երկիր» կուսակցությունների եւ «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրերը:

Սակայն 94 տոկոսը նաեւ նշել է, որ չի մասնակցել բակային հանդիպումներին: Իսկ մասնակցածները ամենից շատ նախընտրել են ՔՊ եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների եւ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի կազմակերպած միջոցառումները:

Հարցին, թե մասնակցելո՞ւ է ավագանու ընտրություններին, 55,3 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ մասնակցելու է, 14,5 տոկոսը՝ ավելի շուտ՝ այո, ավելի շուտ ոչ՝ 7,8 տոկոսը եւ միանշանակ ոչ՝ 19,3 տոկոսը:

Եվ վերջապես՝ ամենահետաքրքիր հարցի պատկերը, թե որ ուժին է պատրաստվում քվե տալ երեւանցին, կրկին ցույց է տալիս, որ ավագանու ընտրություններում հաջողություն արձանագրելու գլխավոր հավակնորդներն են ՔՊ-ն, «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստանը» եւ «Ապրելու երկիրը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930