Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ «Կարելի է ասել՝ «Վայլդբերիզն» է գտնվում անհավասար մրցակցային պայմաններում, քան տեղական շրջհարկով աշխատող ՓՄՁ-ն»

Սեպտեմբեր 07,2023 15:03

«Վայլդբերիզ» առցանց խոշոր առեւտրային հարթակի գործունեությունից հայկական փոքր ու միջին ձեռնարկատերերի դժգոհություններին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝ աշխարհում առեւտուրը փոխվում է, ԱՄՆ-ում մի քանի խոշոր ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը առցանց (online) առեւտրի զարգացմանը զուգընթաց:

Տեղացի տնտեսվարողները պահանջում են փակել «Վայլդբերիզը» Հայաստանում, նրանք դժգոհում են, որ այս առցանց հարթակի գործունեության հետեւանքով իրենց առեւտրի ծավալներն էապես նվազել են։

Նշենք, որ «Վայլդբերիզով» պատվիրելու դեպքում նույն ապրանքը կարելի է կրկնակի, եռակի անգամ ավելի էժան գնել, քան ՀՀ առեւտրի կետերում ու խանութներում։

Կառավարության նիստից հետո՝ Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ԵԱՏՄ անդամ երկրից ապրանքը Հայաստան գալիս 6-7 անգամ էժան, ասաց․ «Նախորդ տարի մենք ստեղծել ենք հավասար պայմաններ, որ բոլորը հավասար հարկային դաշտում լինեն: Այսինքն` երբ «Վայլդբերիզը» ապրանք է ներմուծում կամ հայ սպառողը ապրանք է գնում «Վայլդբերիզից», ԱԱՀ վճարելու պարտավորությունը տեղափոխվում է Հայաստան: «Վայլդբերիզը» պարտավոր է վճարել ավելացված արժեքի հարկ: Այն, ինչ փոքր ու միջին ձեռնարկատերերից շատերը չեն վճարում, որովհետեւ գործում են շրջհարկի դաշտում։ Նույնիսկ կարելի է ասել, որ «Վայլդբերիզը» գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում՝ վատ իմաստով, քան տեղական շրջհարկով աշխատող փոքր ու միջին ձեռնարկությունները: Բնականաբար, գնային այդ անհավասարությունը, որ կա, մենք տասնյակ տարիներով քննարկում ենք, մեծ սուպերմարկետներն ավելի էժան են ապրանքը վաճառում, քան փոքր խանութները գնում են այդ ապրանքը»:

Խնդրի առնչությամբ մի շարք ընկերություններ դիմել են կառավարությանը, Քերոբյանը վստահեցրեց, որ ուսումնասիրում են, որպեսզի հասկանան՝ արդյոք կա՞ մրցակցության խաթարում, թե ոչ։ Նախարարը դժգոհ ձեռնարկատերերին հորդորեց դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:

«Վայլդբերիզը» փակելու պահանջի մասին էլ Քերոբյանն ասաց՝ մենք աշխատում ենք լիբերալ տնտեսական համակարգում, խրախուսում ենք օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստան․ «Մեր խնդիրն է ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր խաղացողների միջեւ՝ ապահովելով այն, որ նրանք, որոնք ավելի նորարար են, հակված են նոր, խոշոր ներդրումների, դրանք կարողանան զարգանալ: Առաջարկում ենք նկարագրեն, թե ինչ է նշանակում անհավասար մրցակցային պայմաններ եւ դիմել մրցակցության պաշտպանության հանձնաժողով: Եթե ստեղծվել է ավելի հասանելի ծառայություն Հայաստանում, ապա դա շատ լավ է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930