Սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից «Սիրահարների այգում» կանցկացվի «Ֆրանկոֆեստ»՝ ֆրանսերեն գրքերի եւ ֆրանկոֆոն բովանդակության փառատոն, որը կտեւի 10 ժամ: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հայտնեց «Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը:
«Ֆրանկոֆեստն» աննախադեպ է այն իմաստով, որ անցկացվում է առաջին անգամ: «Newmag-ն այս տարի կազմակերպել էր երկու փառատոն՝ Ձմեռային եւ Ամառային փառատոները, եւ մայիսին եղավ նաեւ Երեւանյան գրքի փառատոնը:
Մենք նկատեցինք, որ աշնան ընթացքում բացակայում են փառատոները, ինչն անարդար էր այն իմաստով, որ բեսթսելերները, լավագույն գրքերը սովորաբար տպագրվում են հենց սեպտեմբերից դեկտեմբեր ընկած հատվածում: Ավելին, ընթերցողները հակված են ավելի շատ գիրք գնել հենց այս ժամանակահատվածում: Ու որպեսզի այս գրքասեզոնը բաց չթողնենք, որոշեցինք իրականացնել «Ֆրանկոֆեստը»՝ Ֆրանսիական գրականության փառատոնը:
Սկզբում մտածում էինք փառատոնն անվանել «Ֆրանսֆեստ», հետո հասկացանք, որ թարգմանված գրքերի հեղինակները միայն ֆրանսաբնակ գրողները չեն: Ընդհանրապես մեր իրականությունում ընդունված է ֆրանսախոսներին անվանել ֆրանկոֆոններ: Հինգ տարի առաջ էլ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահողն էր, եւ ընդհանուր առմամբ՝ այդ ձեւակերպումն ընդունված է բոլորի կողմից»,-ասաց «Newmag»-ի տնօրենը:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում կլինեն մի շարք միջոցառումներ՝ սկսած փոքրիկների համար հեքիաթի ժամից ու երգ-երաժշտությունից՝ մինչեւ ֆրանսիական նոր բովանդակության մասին պանելային քննարկումներ:
Արտակ Ալեքսանյանը հայտնեց, որ կներկայացվի նաեւ Շառլ Ազնավուրի «Այս կռվի մանուկները» երգը՝ Լիլիթ Բլեյանի թարգմանությամբ, որը նվիրվում է Արցախում շրջափակման մեջ գտնվող 30000 մանուկներին: Երգը կկատարի Շուշան Պետրոսյանը: Այս ստեղծագործությունը Ազնավուրը կատարել է 1960-ականներին:
«Newmag» հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասաց, որ «Ֆրանկոֆեստի» ընթացքում կկայանան 4 գրքերի շնորհանդեսներ. «Մենք թարգմանել ենք Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» վեպը, որը միջնադարյան հայտնի լեգենդի մոտիվներով կառուցված ստեղծագործություն է, բայց չի կրկնում այն…Մյուսը ազգությամբ ռուս հեղինակ Անդրեյ Մակինն է՝ իր «Իմ հայ ընկերը» գործով: Նա յուրահատուկ ֆրանսերենով է ստեղծագործում, ֆրանսիական ակադեմիայի մրցանակակիր է»: Հաջորդ երկու գրքերը, որոնց շնորհանդեսները կկայանան փառատոնի ժամանակ, հետեւյալներն են՝ Ժոել Դիկերի «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» եւ վաճառքի բացարձակ ռեկորդակիր, Անյես Մարտեն-Լուգանի սիրային դրաման՝ «Երջանիկներն ընթերցում են և սրճում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ